Կորոնավիրուսից մահացել են 65-ամյա և 82-ամյա պացիենտներ
Advertisement 1000 x 90

Կորոնավիրուսից մահացել են 65-ամյա և 82-ամյա պացիենտներ

Հայաստանում ապրիլի 13-ի ամփոփ տվյալներով ևս երկու մարդ է մահացել, որոնց մոտ առկա է եղել կորոնավիրուսային հիվանդություն։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«65-ամյա և 82-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, սուր երիկամային անբավարարություն»,- նշել է Նիկողոսյանը։

Հայաստանում ապրիլի 14-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1067 է, արձանագրվել է մահվան 16 դեպք: Թեստերից 8316-ը բացասական արդյունք է տվել: Ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 54-ով և բուժվածների գումարային թիվը դարձել է 265: Այս պահին փաստացի բուժում է ստանում 786 պացիենտ:

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: