«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կորոնավիրուսից մահացել է 66-ամյա տղամարդ
Advertisement 1000 x 90

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կորոնավիրուսից մահացել է 66-ամյա տղամարդ

Նոր տիպի կորոնավիրուսից Հայաստանում ապրիլի 14-ին արձանագրվել է մահվան 1 դեպք․ մահացել է 66-ամյա տղամարդ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 66-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող քրոնիկ հիվանդություն՝ սրտի իշեմիկ հիվանդություն, որի հետևանքով ձևավորվել է վերին մեզենտերիալ զարկերակների թրոմբոէմբոլիա։ Կատարվել է ստորին վերջույթների ամպուտացիա։ Ցավոք վերջինիս կյանքը չի հաջողվել փրկել»,- նշել է Նիկողոսյանը։

Հայաստանում ապրիլի 15-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1111 է: Այս դեպքով մահացած անձանց թիվը հասավ 17-ի։

Թեստերից 9095-ը բացասական արդյունք է տվել: Ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 32-ով և բուժվածների գումարային թիվը դարձել է 297։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 797 պացիենտ:

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Լիլիթ Դեմուրյան