Արգիճի գետում ջրահեղձ եղած երիտասարդը երեք անչափահաս երեխայի հայր էր
Advertisement 1000 x 90

Արգիճի գետում ջրահեղձ եղած երիտասարդը երեք անչափահաս երեխայի հայր էր

Գեղարքունիքի մարզի  Մադինա գյուղի վարչական տարածքի եւ Վաղաշեն գյուղի խոտհարքերի տարածքով անցնող Արգիճի գետից ապրիլի 16-ին  ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության ջրափրկարարը դուրս է բերել Վաղաշեն գյուղի բնակիչ, ջրահեղձված 37-ամյա Լեւոն Հովհաննիսյանի դին։

Ինչպես տեղեկացրեց Վաղաշեն համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Շահինյանը, ջրահեղձը երեք անչափահաս երեխաների հայր էր:

«Թե ինչ հանգամանքներում եւ ինչ նպատակով է մեր համայնքի բնակիչը հայտնվել իր բնակության վայրից տասնյակ կիլոմետրեր հեռու գտնվող տարածքում ու ջրահեղձ եղել, դժվարանում եմ ասել: Նա շատ պարկեշտ ու խելացի ընտանիքում մեծացած անձնարվորություն էր, ինքն էլ աշխատասեր, համեստ, հարգված  մարդ էր, երեք անչափահաս երեխաների հայր: Փոքր երեխան 1 տարեկան տղա է, մեծը՝ արդեն դպրոցահասակ աղջիկ: Լեւոնը մասնագիտությամբ շինարար էր: Ողջ գյուղը սգում է կատարվածի համար: Շնորհակալ ենք մարզի փրկարարներին, որ արագ էին արձագանքել ահազանգին ու կարողացել ժամանակին դուրս բերել ջրահեղծվածի մարմինը»,- ասաց Վաղաշեն համայնքի ղեկավարի տեղակալը:

Նույն աղբյուրի հավաստմամբ՝  ահազանգը ստանալուն պես դեպքի վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ինչպես նաեւ Սեւանի ջրափրկարարական ջոկատի  ջրասուզակը։ Դեպքի վայր են ժամանել նաեւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի եւ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի աշխատակիցները։