Դասագրքերը լռում են. Արշալույս Զուրաբյան
Advertisement 1000 x 90

Դասագրքերը լռում են. Արշալույս Զուրաբյան

Պատմաբան Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան հրապարակումը.

1915 թ. ապրիլի 16-18-ին Դիլմանի ճակատամարտում Խալիլ փաշան ծանր պարտություն կրեց, որով ձախողվեց թուրքերի՝ Իրանի տարածքով Այսրկովկաս ներխուժելու պլանը: Թշնամու կատաղի գրոհներն իր վրա վերցրեց Անդրանիկ Օզանյանը, որի գլխավորությամբ կռվող հայ կամավորներն ապահովեցին ռուսական բանակի հաղթանակը: Թուրքերը մեծ կորուստներով նահանջեցին: Ճանապարհին բնաջնջելով Սալմաստի հայկական գյուղերը՝ թշնամին ուղղություն վերցրեց Վան՝ քաղաքի հայ պաշտպաններին թիկունքից հարվածելու և Ջեւդեթ բեյի սկսած գործն ավարտին հասցնելու համար:

Հաղթանակի գիշերը երկու քուրդ մոտեցան Անդրանիկի վրանին և նրան հանձնեցին Արամ Մանուկյանի նամակը, որտեղ գրված էր. «Վանում կռիվ է, ուժեղ կռիվ: Պաշարված ենք Այգեստանում և թե քաղաքում, կտրված ենք իրարից և գավառներից: Ժողովրդի դիմադրության կորովը բարձր է, սակայն որքան ուշանա դրսի օգնությունը, նույնքան պիտի թուլանա մեր ինքնապաշտպանության միջոցները: Չգիտեմ կենդանի կլինենք, թե ոչ, սակայն շտապեք փրկել այս հերոս ժողովրդին»:

Անդրանիկը պաշարված վանեցիներին օգնության հասնելու համար դիմեց ռուսական բանակի հրամանատարությանը, բայց զորավար Նազարբեկովից ստացավ խուսափողական պատասխաններ, թե՝ «ինձմէ կախում չունի բանակին ինչ ուղղութեամբ շարժիլը…»: Այդ ժամանակ նա որոշեց գործն առանց հրամանի գլուխ բերել: Հայկական կամավորական ջոկատն սկսեց ռազմերթը եւ նախքան Խալիլի ուժերի հասնելը գրավեց Բաշկալեի բարձունքները՝ փակելով Վան տանող ճանապարհը: Անդրանիկի այս քայլը փրկարար նշանակություն ունեցավ Վան-Վասպուրականի հայության համար:



Նման նյութեր