«Ու թե թուրքը չլիներ, Վանն իմ տունը կլիներ». aravot.am
Advertisement 1000 x 90

«Ու թե թուրքը չլիներ, Վանն իմ տունը կլիներ». aravot.am

Տատս պատմում էր, որ իր հայրը ծնվել է Վանի շրջանի Այլուր գյուղում։ Այն իր անունը ստացել է հին դարերում այստեղ եկած առաքյալների հնչեցրած արտահայտությունից՝ «Այլ ու՞ր գնանք»:

Սկսվում են 1915 թվականի կոտորածները, ժողովրդի գաղթը: Այդ թոհուբոհի մեջ մահանում է մեծ պապիս հայրը, մայրը մնում է մենակ՝ նորածինը գրկին: Նա, ինչպես շատ շատերը, մտածում է, որ ամենաապահով վայրը կարող է լինել Աղթամար կղզին: Իմ մեծ պապին՝ 4 տարեկան Վազգենին, թողնում է ամուսնու եղբոր ընտանիքի մոտ, իսկ ինքը՝ նորածին երեխայի հետ, փախնում Աղթամար: Բայց հետո պիտի պարզվեր, որ կղզում ապաստան գտած հայերին կոտորել ու ջուրն են նետել․․․

Փոքրիկ Վազգենը մնում է հորեղբոր կնոջ մոտ։ Վերջինս էլ՝ իր երկու երեխաների հետ (տղան 12 տարեկան, աղջիկը՝ 9 տարեկան), վերցնում է նաև Վազգենին և միանում գաղթի ճամփան բռնած համագյուղացիներին։

1915 թվական․․․ սով, կոտորած, տիֆ, համաճարակ: Ճանապարհին այդ կնոջ տղան է հիվանդանում: Արտասահմանցիների միջոցներով ստեղծված բուժկետում ախտորոշում են տիֆ, անհուսալի վիճակ. առաջին հարվածը խեղճ կնոջը: Նա թողնում է որդուն՝ չիմանալով, թե ինչ կլինի նրա հետ, ու շարունակում ճանապարհը: Չի ուշանում երկրորդ հարվածը. քուրդ ելուզակները փախցնում են աղջկան՝ պոկելով մոր ձեռքերից: Վիշտն ու ցավը սրտում, անտանելի պայմաններում՝ այդ քաջ կինը իմ մեծ պապին հասցնում է Կիպրոս կղզի և նրան տալիս որբանոց, որը հիմնել էին ամերիկացիները՝ հայ գաղթականներին և հիվանդներին պահելու համար:

Վազգեն պապս այնտեղ հանդիպում է իր քրոջը, ում փախցրել էին: Պարզվում է՝ մարդը, ում համար տարել էին աղջկան, բարի է գտնվել և նրան հանձնել է որբ երեխաներ հավաքողներին: Տատիկիս հայրը և այդ աղջիկը՝ Սրբուհին, մեծանում են Կիպրոսի մանկատանը, սովորում են այդ տարի նոր բացված Մելքոնյան վարժարանում:

Վարժարանն ավարտելուց հետո նրանց ճանապարհները բաժանվում են։ Սրբուհին ամուսնանում է իրենց որբանոցի տղաներից մեկի հետ և մեկնում Բեյրութ, երեխաներ ունենում: Նրանք մինչ օրս այնտեղ են:

Իսկ մեծ պապս իր բախտակից ընկերների հետ որոշում է գալ Սովետական Հայաստան: «Ու գալիս են երիտասարդ, վառ տղաներ՝ գրագետ, լի պայծառ ապագայի հույսով, ավյունով, նորը կառուցելու անսպառ եռանդով: Բոլորն էլ ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատություններ, դառնում են Երևանը կառուցող առաջին ծիծեռնակները: Նրանց մեջ կային ճանապարհաշինարարներ, կամրջաշինարարներ, ուսուցիչներ․․․»,- պատմում էր տատս մեծ ոգևորությամբ ու հպարտությամբ։

«Կարող եմ բոլորի անուններն էլ տալ, քանի որ նրանց շրջապատում եմ մեծացել ես»,- ասում էր նա,- բայց մեկն էլ բավարար է: Նրանց մեջ էր Երևանի Տիկնիկային թատրոնի հիմնադիրներից մեկը՝ Պավլոս Բորոյանը։

Երևանում մեծ պապս որոնեց և գտավ հորեղբոր կնոջը՝ իր կյանքը փրկողին, որ եկել էր Հայաստան, ամուսնացել և ընտանիք կազմել: Հանգամաքների բերումով նրանք շարունակեցին միասին ապրել:

Ամուսնացավ Վազգեն պապս, կազմեց մի լավ ընտանիք՝ իր մոտ պահելով ու մինչև կյանքի վերջը խնամելով այն կնոջը, որին իր գոյությամբ էր պարտական: Գտավ նաև քրոջը, հանդիպեց, նորից ծանոթացավ․․․

Կիպրոսի Մելքոնյան կրթական վարժարանի ղեկավարությունը ևս անտարբեր չմնաց նախկին սաների նկատմամբ: Նրանք հաճախ հետաքրքրվել են իրենց առաջին շրջանավարտների հետագա ճակատագրով: Կազմել են պատվո տախտակ և անուն ազգանունով նշել, թե ով ինչ է անում Սովետական Հայաստանում:

Սա իմ նախնիների պատմությունն է։ Նրանք կորցրին իրենց խաղաղ առօրյան, տունը, ընտանիքը, ծնողներին, հարազատներին միայն այն պատճառով, որ թուրքն այդպես էր ուզում: Բայց նա չգիտեր, որ մեր մեջ ապրում են Թեհլերյանը, Շիրակյանը, Նժդեհը, Անդրանիկը, և 1915 թվականը չէր կարող արգելք դառնալ նոր սերնդի ծննդյանն ու գենետիկ հիշողությանը․․․

Միլենա Մովսեսյան ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի

aravot.am