Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խմբերը գործուղվել են Գավառ քաղաք, Գավառի բժշկական կենտրոն և Նորատուս գյուղ, ինչպես նաև ոստիկանության բաժիններ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻՊ-ը։
Պաշտպանի ներկայացուցիչները Գավառում և Նորատուս գյուղում հանդիպումներ կունենան այն անձանց հետ, որոնց ազգականները գտնվում են իրավապահ մարմիններում:
Ոստիկանության բաժիններում արդեն իսկ տեղի են ունեցել առանձնազրույցներ բերման ենթարկված, այդ թվում՝ ձերբակալված անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև ազատությունից զրկման հիմքերը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են մի շարք ահազանգեր, կապի մեջ են իրավապահ մարմինների և փաստաբանների հետ:
Պաշտպանի իրավասության սահմաններում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ: