«Հղի հարսիս վախեցրին, տղայիս տարան». նորատուսցիները չգիտեն` որտեղ են բերման ենթարկվածները. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

«Հղի հարսիս վախեցրին, տղայիս տարան». նորատուսցիները չգիտեն` որտեղ են բերման ենթարկվածները. armeniasputnik.am

Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում այս պահին իրավիճակն, ընդհանուր առմամբ, խաղաղ է։ Սակայն գյուղապետարանի մոտ մարդիկ կան հավաքված, որոնք ուզում են հասկանալ` որտեղ են բերման ենթարկել իրենց հարազատներին։

Հայտնել էինք, որ Գավառում երեկ կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով 2 մարդ մահացել էր, իսկ 6–ը` տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք Գավառի և Նորատուսի բնակիչներ են։ Շուրջ 40 անձ դեպքից հետո ներխուժել էր Գավառի ԲԿ, որտեղ տուժածներն են հոսպիտալացված եղել ու փորձել են նրանցից երկուսին սպանել։

Նորատուս համայնքի ղեկավար Նորայր Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ դեպքից հետո ինքն էլ է գնացել հիվանդանոց, սակայն տեղյակ չէ, թե քանիսին են բերման ենթարկել։

«Կրակել են նաև Նորատուսի բնակիչ Վահե Ավետիսյանի վրա, սակայն նա ոչ մի կրիմինալ պատմության մեջ երբեք ներգրավված չի եղել, շատ լավ ընտանիքից է։ Ավետիսյանը վերջին տարիներին Ղազախստան էր գնում–գալիս` արտագնա աշխատանքի»,–ասաց համայնքի ղեկավարը։

Նորատուսի բնակիչներից Լևիկը, որը նույնպես գյուղապետարանի մոտ էր, պատմեց, որ իր հորեղբոր տղաներին են բերման ենթարկել։

«Իմ տեղեկություններով` նրանք Երևանում են, բայց հստակ չգիտենք` որտեղ։ Դրա համար էլ եկել եմ այստեղ։ Վստահ եմ, որ հորեղբորս տղաները չեն մասնակցել այդ միջադեպին, չնայած հիվանդանոցի մոտակայքում են եղել այդ ժամանակ»,–ասաց Լևիկը։

Նորատուսի բնակիչներից մեկ ուրիշն էլ` Աննա Մնոյանը, հայտնեց, որ գիշերը բերման են ենթարկել իր երկու տղաներին` Գարիկին և Գրիգորին։

«Մտել են տուն, հղի հարսիս վախեցրել։ Ավելին, այս կորոնավիրուսի օրերին առանց դիմակ ու ձեռնոց են եղել։ Փոքր տղայիս կիսաբոբիկ վիճակում բերման էին ենթարկում, մեծ տղաս գնաց օգնության` փոքրիս թողեցին ու մեծ տղայիս տարան հետները»,–ասաց տիկին Մնոյանը` հավելելով, որ 30 հոգով են մտել իրենց տուն։

Նրա խոսքով` որդին այդ ընթացքում երեխայի համար կաթ գնելու է գնացել, սակայն արդեն տանն է եղել, երբ հիվանդանոցի հայտնի դեպքերը եղել են։

Հիշեցնենք` գիշերը հայտնի դարձավ, որ որոշ մարդիկ մտել են Գավառի հիվանդանոց, ավերածություններ արել այնտեղ և կտրել վիրավորներից երկուսի պարանոցը։

Նշվում էր նաև, որ այդ ժամանակ հիվանդանոցում են եղել ոչ միայն ոստիկաններ, այլ նաև ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը։ Այսօր, սակայն, ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտարարեց, որ ոստիկանապետը տեղում չի եղել, իսկ հիվանդանոցում որևէ մեկին չեն սպանել։

Քննչական կոմիտեում դեպքի առթիվ քրգործ է հարուցվել, 5 մարդ ձերբակալվել է։

armeniasputnik.am