Արման Թաթոյանն անդրադարձել է Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին
Advertisement 1000 x 90

Արման Թաթոյանն անդրադարձել է Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին, երբ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի միջև բանավեճը վերածվեց ծեծկռտուքի․ Ինչպես հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, նա մասնավորապես նշել է․

«Կանոններ, որոնք վերաբերում են բոլորին, բայց հատուկ կարևորություն ունեն բարձր վստահության մանդատ ստացած քաղաքական մեծամասնության և դրա յուրաքանչյուր ներկայացուցչի համար:

Չի կարելի օգտագործել մարդու արժանապատվությունը վիրավորող նսեմացնող խոսք. դա բերում է վտանգավոր հետևանքների, դա կրկնապատկում է վիրավորանքն ու ատելությունը, սադրում է բռնություն:

Այս պահանջը հատկապես վերաբերում է հանրային պաշտոն զբաղեցնող և հանրային գործունեություն ծավալող անձանց, ովքեր իրենց քաղաքական կամ այլ խոսքում պետք է լինեն զսպված և թույլ չտան ատելություն գեներացնող, լարվածություն առաջացնող որևէ խոսք: Դա նույնությամբ վերաբերում է քաղաքական ելույթին կամ բանավեճին:

Ուզենք թե ոչ, խորհրդարանում հնչող խոսքն ու պահվածքը օրինակ են դառնում հասարակության համար:

Ուստի, այստեղ հատկապես պետք է պահպանել սեփական կարգավիճակի սահմանները և սեփական վարքագծի օրինակով նպաստել հասարակությունում համերաշխության ու փոխադարձ հարգանքի երաշխավորմանը:

Բռնությունը կամ բռնության սպառնալիքն անթույլատրելի են սկզբունքորեն՝ անկախ նրանից երբ և ում կողմից է դա արվում կամ ում է ուղղված։

Ի վերջո, բոլորիս գլխավոր նպատակն է ի սպառ բացառել, վերջնականորեն արմատախիլ անել վիրավորանքն ու արժանապատվության նվաստացումը, ատելություն գեներացնող ցանկացած տեսակի խոսք»: