Ի՞նչ է իրականում կատարվում Տավուշում. մարզպետարանի պարզաբանումը
Advertisement 1000 x 90

Ի՞նչ է իրականում կատարվում Տավուշում. մարզպետարանի պարզաբանումը

Երևան-Իջևան-Նոյեմբերյան միջպետական ավտոճանապարհը փակվել է ոչ թե մեկ ժամով, այլ առավելագույնը` 5 րոպեով։ Կատարվածի համար մեղավորները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության կենթարկվեն։ Տավուշի մարզպետարանը Facebook-ի պաշտոնական էջում այսօր անցկացված բողոքի ակցիայի վերաբերյալ պարզաբանում է տարածել՝ անդրադառնալով նաև Խաշթառակ համայնքի բնակիչ Սամվել Մատինյանին պատկանող հանգստի գոտու հեղեղման փաստին։

«Սամվել Մատինյանի և «Կոկ Սիստեմ» ՍՊԸ-ի միջև առաջացած հողային և քաղաքաշինական վեճի վերաբերյալ 2019 թ. մայիս ամսին մարզպետարանի նախաձեռնությամբ իրականացվել է ուսումնասիրություն։ Նախնական եզրակացությամբ իրականացված կառուցապատման աշխատանքների ժամանակ երկուստեք թույլ են տրվել խախտումներ: Արդյունքների հիման վրա ՀՀ dատախազությունում ընթանում է նախաքննություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հրապարակման մեջ նշվում է նաև, որ Աղստև գետի վարարումն աննախադեպ է 1998 թ.-ից սկսած, և նմանատիպ իրավիճակներ առկա են նաև այլ վայրերում, ուստի անհրաժեշտ է զգուշություն պահպանել։

Տավուշի մարզպետարանը դատապարտում է «իրականության խեղաթյուրման ցանկացած նախաձեռնություն»՝ դա համարելով քայքայիչ գործունեություն ՀՀ պետականության և քաղաքացու հանդեպ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Խաշթառակ և Լուսաձորի գյուղերի բնակիչները փակել են Երևան-Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը, պահանջում են հանդիպում մարզպետ Հայկ Չոբանյանի հետ։ Բողոքի ակցիան Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի դեմ է։ Գյուղացիները պահանջում են վերջ դնել Աղստև գետի աղտոտմանը։ Նրանք նշում էին, որ Քոքոբելյանի կառուցած ՀԷԿ-ի պատճառով Աղստև գետի ջրերը լցվում են «Գետափ» հանգստյան գոտու տարածք՝ ողողելով անգամ շենք-շինություններն ու խաղահրապարակները։

Մարզային ոստիկանության պաշտոնյաների հետ հանդիպումից ու բանակցություններից հետո բողոքի ակցիայի մասնակիցները համաձայնել էին բացել ճանապարհը։

armeniasputnik.am