ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում նախօրեին մահացու հրազենային վիրավորում ստացած 19-ամյա զինծառայողը Արցախի Ասկերանի շրջանի Խաչեն համայնքից էր։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Խաչենի գյուղապետ Վրեժ Ստեփանյանը։
«Շատ շփվող, աշխույժ տղա էր, բոլոր դրական հատկանիշներով օժտված։ 11 ամիս էր մոտ, ինչ ծառայում էր։ Ընդունվել էր Շուշիում վարժարան, հետո զորակոչվել բանակ»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ մահվան հանգամանքների մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ։
Զինծառայողը ծնողների միակ որդին էր, տան կրտսերը, ավագ քույր ունի։ Նրա մայրը գյուղի մանկապարտեզի տնօրենն է, հայրն աշխատում է Ջրային կոմիտեում։