Հայաստանը նախատեսում է մայիսի 18-ից ամբողջությամբ գործարկել հանրային տրանսպորտը: Այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ ԱԺ հատուկ նիստում, որում քննարկվում է արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը:
«Նախատեսում ենք, որ մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կգործարկվի: Կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում»,-ասաց պարետը:
Կգործեն մարզասրահները, բացօթյա պատմամշակութային վայրերը, և մի քանի այլ թուլացումներ կլինեն: Քանի որ աշխատող ծնողների համար խնդիր է մանկահասակ երեխաների խնամքի ապահովումը, կվերաբացվեն նաև նախակրթարանները:
Ավինյանը սակայն շեշտեց՝ բոլոր սահմանափակումների թուլացումներն ուղեկցվելու են համակեցության հստակ կանոնների սահմանմամբ, որոնց չկիրառումը հանգեցնում է համապտասխան տույժերի և տուգանքների:
Կառավարությունը մայիսի 14-ի նիստում որշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
Աննա Գրիգորյան