«Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից մայիսի 13-ի ժամը 21:10-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ կրծքավանդակի հետին մակերեսի բազմաթիվ ծակած-կտրած թափանցող վերքերով բուժօգնության է դիմել Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի 22-ամյա բնակիչ:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, կատարվել են խուզարկություններ և առգրավումներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել 20-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու, հետախուզվողին հայտնաբերելու, միջադեպին մասնակից անձանց շրջանակը պարզելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: