Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը «Արարատ 73» թիմի ֆուտբոլիստներին նվիրված արձանախմբի մի քանի արձանների գողության մասին զրուցել է ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ԿԳՄՍ նախարարը։
«Քիչ առաջ տեղեկացա «Արարատ 73» թիմի ֆուտբոլիստներին նվիրված արձանախմբի մի քանի արձանների գողության մասին: Զրուցել եմ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ: Հույս եմ հայտնել, որ անհայրենիք հանցագործները, որոնք կատարել են սույն արարքը, շուտ կբացահայտվեն ու կպատժվեն»,- գրել է Արայիկ Հարությունյանը։
«Արարատ 73»-ի հաղթանակներին նվիրված արձանախմբի մի քանի արձանների գողության փաստով ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գողացել են «Արարատ 73»-ին նվիրված արձանախմբի մի քանի արձան: Հանցագործները պոկել և տարել են երրորդ շարքում տեղադրված Նիկիտա Սիմոնյանի, Ռոբերտ Ծաղիկյանի, Օնիկ Աբրահամյանի, Հարություն Քեհեյանին արձանները:
Արձանախումբը տեղադրվել էր 2016 թվականին և նվիրված է «Արարատ 73»-ի փառահեղ հաղթանակներին: