3 երիտասարդների մահվան ելքով ավտոթվարի գործով ամբաստանյալն ազատության մեջ է. ուշագրավ մանրամասներ քրեական գործից (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

3 երիտասարդների մահվան ելքով ավտոթվարի գործով ամբաստանյալն ազատության մեջ է. ուշագրավ մանրամասներ քրեական գործից

2017 թվականի ապրիլի 22-ին Երեւան քաղաքի Ջանիբեկյան փողոցում տեղի ունեցած ողբերգական ավտոթվարի հետեւանքով մահացած 3 երիտասարդների գործով ամբաստանյալը գրավի կիրառմամբ արդեն ազատության մեջ է, իսկ գործով տուժողների իրավահաջորդները համարում են այդ որոշումն անօրինական։

Նշենք, որ գործով ամբաստանյալ Արման Բաղդասարյանը 2017թ ապրիլի 22-ին ժամը 00:40-ի սահմաններում իր անձնական օգտագործման «Nissan» մակնիշի ՌԴ պետհամարանիշի ավտոմեքենայով, Երեւան քաղաքի Ջանիբեկյան փողոցում, խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները` կարմիր լույսի առկայության պայմաններում, հանդիպակած խաչաձեւ հատումով՝ մոտ 160 կմ/ժ, մուտք է գործել խաչմերուկ, (մեծ արագությունը նաեւ փաստել է վկա Լ. Ղազարյանը իր նախաքննական ցուցմունքում) եւ մխրճվել «Opel» մակնիշի մեքենայի մեջ` պատճառելով երեք ուղեւորների մահը (27, 28 եւ 31 տարեկան երիտասարդներ)։

Դրանից հետո անօգնական թողնելով դեռեւս չմահացած ուղեւորներին,  հնարավոր պատժից խուսափելու նպատակով, թողել է պատահարի վայրն ու հեռացել, որից հետո հատել է ՀՀ սահմանը  եւ փախել Վրաստան, որտեղից էլ փորձել է մեկնել Ռուսաստան, սակայն օդանավակայանում ձերբակալվել եւ վերադարձվել է Հայաստան։ Եղած հավաստի տեղեկությունների համաձայն, նա մինչև այդ երկար տարիներ ապրել է ՌԴ-ի Անապա քաղաքում։

Նույն թվականի ապրիլի 23-ին նա որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։

Նշենք, որ կատարված տեղազննությամբ պարզվել է, որ ամբաստանյալի մեքենան հատուկ պահպանվող տարածքում ի սկզբանե կապարակնքված չի եղել, առջեւի աջ նստատեղի թիկնամասը ամբողջովին կոտրված է եղել,եւ նույն ուղղությամբ  հետեւի նստատեղին առկա են եղել արյան հետքեր, իսկ որոշ արյան հետքեր էլ մաքրված են եղել։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց գործով տուժողի իրավահաջորդ Սերժիկ Հարությունյանը։

Տուժողի իրավահաջորդը նշեց, որ քննության ողջ ընթացքում ձեռք չեն բերվել ապացույցներ՝ արդյոք մեղադրյալը գտնվե՞լ է ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ թե ոչ, (քննիչը նա նպատակահարմար չի համարել ալկոհոլի եւ թմրանյութի առկայության վերաբերյալ փորձաքննություններ նշանակել), մեքենան վարել է թույլատրելիից մեծ արագությամբ, թե ոչ. «Նույն տեղազննությամբ նաեւ պարզվել է, որ վարորդի նստատեղի թիկնամասը կիսապառկած վիճակում է, սա ապացույց է այն բանի, որ վարորդը գտնվել է ոչ ադեկվատ վիճակում։ Ամբաստանյալը վթարից հետո մեքենայից իջել է գարեջրի շիշը ձեռքին։ Մեր բազմակի պահանջներից հետո էլ անգամ քննիչը եւ դատախազը հարկ չեն համարել պարզելու, մինչ վթարի վայրը տեղակայված արագաչափի ցուցմունքը՝ պատճառաբանելով որ արագաչափը չի աշխատում։ Սակայն դատական նիստի ժամանակ տուժողների կողմից արագաչափի ցուցմունքի տեսալուսանկարը ներկայացնելուց հետո միայն դատախազը հարկ է համարել հարցում կատարել եւ արագաչափերի ցուցմունքները  ներկայացնել դատարան։ ՀԿԳ քննիչ Դ․ Մարտիրոսյանը եւ ավագ դատախազ Ա. Մարգարյանը ակնհայտ ցուցաբերել են հանցավոր անտարբերություն, անգործություն, գուցե եւ հանցավոր համաձայնություն»։

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու նախագահությամբ, ՀՀ վերաքննիչ դատարանը (նախագահությամբ դատավոր Ն. Հովակիմյանի), մեկ այլ դրվագով նույն քրեական գործով կրկին ՀՀ վերաքննիչ դատարանը (նախագահությամբ դատավոր Լ. Աբգարյանի), Առաջին ատյանի դատարանի որոշումները բեկանելու  եւ ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը թողնել առանց քննության` այն վերաքննիչ բողոքարկման ենթակա չլինելու հիմքով: Իսկ հերթական միջնորդության վերաբերյալ՝ Առաջին ատյանի դատարանի կողմից փետրվարի 17-ի որոշմամբ մերժված, որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելը, 2020թ. մարտի 27-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ դատավոր Վ. Ռշտունու) քննության է առել վերաքննիչ հերթական բողոքը եւ որոշում է կայացրել առաջին ատյանի դատարանի 2020 թվականի փետրվարի 17-ի որոշումը բեկանել եւ փոփոխել՝ ամբաստանյալ Ա. Բաղդասարյանի նկատմամբ կիրառելով գրավ 10 միլիոն ՀՀ դրամի չափով։

Տուժողի իրավահաջորդը պատմեց, որ քրեական գործին չի կցվել, եւ վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ամբաստանյալ Արման Բաղդասարյանը դեռեւս 31.07.2006 թ. ՀՀ ՔԿ Հրազդանի քննչական բաժնում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով՝ ժամկետային զինվորական  ծառայության հերթական  զորակոչից խուսափելու համար,  նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ կալանավորում, ՀՀ-ում  եւ ՌԴ-ում հայտարարվել է հետախուզում։

Տուժողի իրավահաջորդը նշեց, որ Վերաքննիչ դատարանը հինգ դրվագներով խախտել է սույն գործով տուժող կողմերի իրավունքները.

«1․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 382-րդ հոդվածով սահմանված կարգով տուժող կողմերին չի տրամադրվել օրենքով նախատեսված կարգով եւ  ժամկետներում դիրքորոշում ներկայացնելու հնարավորություն, այն է 15-օրյա ժամկետում վերաքննիչ բողոքի   պատասխան ներկայացնելու  վերաբերյալ։ Հաշվի առնելով հետեւյալը, որ Վերաքննիչ դատարանում  բողոքը ստացվել է 16․03․2020 թ-ին, իսկ պատճենը տուժող կողմերին է տրամադրվել 25.03.2020 թ-ին, որից հետո դատական ակտը կայացվել է 27.03.2020 թ-ին

2․ Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու եւ դատական նիստ նշանակելու որոշում չի կայացվել

3. Բողոքարկվող դատական ակտում բացակայում է այն  քննության ընդունելու օրենքով նախատեսված հիմնավորումները

4. Վերաքննիչ դատարանը տուժողների իրավահաջորտներին դատական նիստի կայացման վերաբերյալ սահմանված կարգով չի տեղեկացրել։ Պարզապես նիստից մեկ օր առաջ զանգահարել եւ հայտնել է հաջորդ օրը տեղի ունեցող դատական նիստի մասին

5. Նիստում կայացված որոշման մասին տուժող կողմերին հեռախոսազանգով  տեղեկացվել է սույն օրը՝ աշխատանքային ժամի ավարտից հետո, գիշերը ժամը 23։30-ին՝ երբ արդեն ժամեր առաջ ամբաստանյալը գտնվելուց է եղել ազատության մեջ»։

news.am