Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը. թեև վարչապետն է շատ թիրախավորվում, բայց նա բժիշկ չէ և պարտավոր չէ տիրապետել ոլորտին, մինչդեռ առողջապահության նախարարը սկզբից ևեթ որևէ վերլուծություն չարեց, երբ Չինաստանում, ապա՝ Եվրոպայում մարդիկ մահանում էին, և այդ փուլում նա արդեն պետք է մտածեր, օրինակ, դիմակների բավարար քանակ ապահովելու մասին: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պետրոս Անանիկյանը:
«Մենք անպատրաստ էինք, վարչապետին սխալ տեղեկատվություն էր տրվել, և ձախողումն այդտեղից սկսվեց: Մեր բուժական մոտեցումը սխալ է: Եթե հերձումն արգելված է, հնարավոր չէ ասել՝ ո՞րն է մարդու մահվան պատճառը: Առողջապահության նախարարությունը պետք է շտապ վերլուծի օտարերկրյա, նախևառաջ՝ իտալական, իսպանական, գերմանական փորձը: Դրա համար նրանք պետք է վերլուծաբանների խումբ ունենան»,- ասել է բժիշկը:
Ըստ Անանիկյանի՝ եթե առայսօր արվել է մոտ 58 հազար թեստ, որոնց արդյունքներով ունենք 9500 վարակակիր, նշանակում է՝ եթե արվեր 100 անգամ ավելի թեստ, այդքան էլ ավելի վարակակիր կունենայինք. «Մենք չենք կարող բացառել, որ Հայաստանում այս պահին հարյուր հազարավոր վարակակիրներ կան: Նախարարին հարցնում են՝ որքա՞ն է մեկ հիվանդի բուժումը, նա ասում է՝ որքան պետք է՝ ծախսում ենք: Դա պատասխան չէ: Ծախսերը պետք է լինեն թափանցիկ, ինչո՞ւ են թաքցնում: Առողջապահության նախարարն իրավունք չունի վախեցնելու ժողովրդին, նրան խուճապի մատնելու»:
Պրոֆեսորը հիշեցրել է, որ նախարարը վերջերս ասում էր՝ օրական մինչև 10 հազար թեստ պիտի անենք, բայց այսօր այդ ցուցանիշին նույնիսկ չենք մոտենում, օրական թեստավորումներն ընդամենը մի քանի հարյուրն են. «Այսօր անգամ հարց է՝ մեր հիվանդներն ի՞նչ բուժում են ստանում: Նրանց վիտամին C-ի կոճակներ են տալիս, 14 օր պահում հիվանդանոցում: Սպեցիֆիկ դեղեր կան ծանր հիվանդների համար, որոնք Հայաստանում առկա չեն, պետք է ներմուծել: Թեթև դեպքերի արտահիվանդանոցային բուժումը պետք էր ավելի վաղ սկսել»:
Պետրոս Անանիկյանի պնդմամբ՝ Հայաստանը հիվանդացության առաջին ալիքը ոչ միայն չի հաղթահարել, այլև նույնիսկ գագաթնակետին չի մոտեցել, իսկ երկրորդ ալիքը կարող է սկսվել միայն հիվանդացության մարումից հետո. «Չի կարելի մեղադրել ժողովրդին: Սկզբնապես իրենք էին ասում՝ սա շատ վտանգավոր վիրուս չէ, մի՛ վախեցեք, հետո արդեն՝ շատ վտանգավոր է, փողոց դուրս մի՛ եկեք: Ցավոք, մենք աչքաթող ենք անում նաև մեր մյուս ծանր հիվանդներին, և համավարակի ավարտից հետո կունենանք այլ հիվանդություններից մահացության աճ»:
Բժշկի հավաստմամբ՝ անհասկանալի է կոնտակտավորների ինքնամեկուսացման պարտադրումը, քանի որ նրանց ոչ ոք չի կարող ո՛չ վերահսկել, ո՛չ էլ պարտադրել մնալ տանը, և ամեն ինչ կախված է նրանց գիտակցական մակարդակից:
«Բնակչության գոնե 20 տոկոսի թեստավորում պիտի լինի, որ հիվանդության իրական պատկերն ունենանք: Կարող է արդեն աշնանն ու ձմռանը նոր բռնկումներ լինեն, գա երկրորդ ալիքը: Գագաթնակետին կհասնենք, երբ, թերևս, բնակչության կեսը կվարակվի այդ վիրուսով»,- ամփոփել է պրոֆեսորը: