Հայաստանում հունիսի 8-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13 325 դեպք, որոնցից 4099-ն` առողջացած:
Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8943 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 70 000 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 195 նոր դեպք և 85 առողջացած։
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայում, որն իրանացնում է կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը հունիսի 7-ին իրականացվել են ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքներ։ Սրանով պայմանավորված՝ հունիսի 8-ի հետազոտության արդյունքներն ավելի քիչ են եղել։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 211 (ավելացել է ևս 11-ով) դեպք:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 61, 65, 80, 87, 88 տարեկան տղամարդիկ և 64, 70, 63, 88, 79, 52 տարեկան կանայք։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Արձանագրվել է նաև մահվան 72 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
Լիլիթ Դեմուրյան