Նախօրեին իշխանական քարոզչամեքենան անցել է ընդդիմությանը «գոտկատեղից ներքեւ» հարվածներ հասցնելու գործելաոճին։ Հիշել են Գագիկ Ծառուկյանի 40 տարի առաջվա՝ 1979 թվականի դատվածությունը եւ շրջանառության մեջ են դրել սովետական տարիներին հարուցված քրեական գործը՝ այն ներկայացնելով ամբողջությամբ եւ դռնփակ դատավարության ժամանակ հնչած բոլոր մանրամասներով հանդերձ։ Արդեն իսկ ԲՀԿ-ականներն անդրադառնում են այդ քրեական գործին, քիչ առաջ էլ Հրաչյա Ռոստոմյանն է անդրադարձել իր էջում։
Սակայն այս գործում մի հետաքրքիր նյուանս կա, որի մասին չի խոսվել։ Բանն այն է, որ սովետական դատարանի կողմից կայացված շատ դատավճիռներ տարիներ անց՝ անկախացած Հայաստանի դատարանի կողմից վերանայվում էին։ Ինչպես քաղաքական հայացքների համար բռնադատվածներն էին արդարացվում եւ փոխհատուցումներ ստանում, այնպես էլ քրեական շատ գործեր վերաբացվում էին եւ նորից քննվում։ Եւ Գագիկ Ծառուկյանի դատական գործը 1995-97 թվականներին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի կողմից վերանայվել է ու որոշում է կայացվել նրան արդարացնել։
Բայց ամենաուշագրավն այն է, որ այդ որոշումը կայացրել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատը, որի նախագահն էր Մհեր Խաչատրյանը՝ ՀՔԾ պետ, Նիկոլ Փաշինյանի սիրելի կադր Սասուն Խաչատրյանի հայրը։ Այսինքն, Սասուն Խաչատրյանն այսօր մի ճամբարում է, որը պնդում է, թե Գագիկ Ծառուկյանը հանցագործ է, իսկ նրա հայրը՝ մյուս ճամբարում է, որը ժամանակին հայտարարել է, որ Ծառուկյանն անմեղ է՝ ինչպես նաեւ դատական սխալն է արձանագրել ու արդարացրել նրան։ Այո, Նիկոլի ժամանակներում ամենաարդիական գործը «Սարոյան եղբայրներն» են։