Միքայել Մինասյանի համակարգչի վերականգնված ֆայլերը կուսումնասիրվեն. մեղադրանքը հիմք է
Advertisement 1000 x 90

Միքայել Մինասյանի համակարգչի վերականգնված ֆայլերը կուսումնասիրվեն. մեղադրանքը հիմք է

Վատիկանում նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի համակարգչի  ինֆորմացիան պետեկամուտների կողմից ենթակա է ուսումնասիրման։ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նման կարծիք հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե ե՞րբ կարող են ուսումնասիրության առարկա դառնալ Մինասյանի համակարգչում գտնված ֆայլերը սեփականության ձեռքբերման մասով։

Հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբայրը՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, Facebook-ում գրառում էր արել` հայտնելով, որ պարզվում է` խուզարկություններից մեկի ժամանակ գտնվել է Մինասյանի հին համակարգիչը: Ֆայլերը ջնջված են եղել, բայց մասնագետներին հաջողվել է վերականգնել են մոտ 9 000 ֆայլ։

«Կարծում եմ` հայտնի է, թե երբ են նման ինֆորմացիան ուսումնասիրում։ Կոռուպցիոն բնույթի հիմքով մեղադրանք առաջադրված լինելը հիմքերից մեկն է, որպեսզի գույքի մասով ուսումնասիրություն իրականացվի»,- ասաց Բադասյանը։

Հիշեցնենք, որ Հակոբյանը հայտնում էր, որ վերականգնված ֆայլերում տվյալներ են եղել նաև Միքայել Մինասյանին պատկանող սեփականությունների մասին՝ ամբողջական ցանկերով, օֆշորային հաշիվներով ու ընկերություններով։

Նշենք, որ մինչ այդ ՊԵԿ-ը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է մի քանի նոր բացահայտված դրվագներով։

Մասնավորապես՝ քրեական գործով բացահայտվել է, որ Միքայել Մինասյանը 2012-2018թթ. կասկածելի աղբյուրներից ստացած խոշորածավալ ֆինանսական միջոցներով, քողարկված եղանակով, Շոտլանդիայում հաշվառված օֆշորային «Ուոլտեքս Էքսպրես Էլ Փի» կազմակերպության միջոցով և ապա իր մտերիմներից Ռոզա Ստեփանյանի միջոցով հանդիսացել է «Սպայկա» ՍՊ ընկերության 49 տոկոս բաժնեմասի փաստացի բաժնետերը, որի վերաբերյալ տվյալները չի ներառել իր՝ պաշտոնատար անձի հայտարարագրերում:

Մինչ այս նոր դրվագների ավելացումը ՊԵԿ-ում քննվող քրեական գործով Միքայել Մինասյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստանալը), 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը):

Մինասյանն այժմ հետախուզման մեջ է։

armeniasputnik.am