«Նիկոլ Փաշինյանը ստում է ու չի կարմրում։ Դա մարդու տեսակ է։
Սուտը նրա գրպանում է։ Ցանկացած պահի կարող է հանել ու երեսիդ շպրտել։ Ցուցադրաբար և լկտիաբար։
Անդրադառնալով կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարին՝ Փաշինյանը նշել է, որ իրենք շատ արդյունավետ են աշխատում, և որ Հայաստանն անգամներով ավելի լավ ցուցանիշներ ունի այս հարցում, քան աշխարհի ամենազարգացած երկրները։
Փաշինյանի ասածը լկտի սուտ է։ Փաստն այն է, որ մեր երկրի կորոնավիրուսային վիճակագրությունն աշխարհում ամենավատերից է՝ հաշվի առնելով մեր բնակչության քանակը, մահերի ցուցանիշները, վարակվածների քանակն ու աճի տեմպը։
Մեր ցուցանիշները վատն են նախկին ԽՍՀՄ երկրների համեմատ։ Շատ առումներով վատն են մեր բոլոր հարևան պետությունների համեմատ։ Անհամեմատ ու անգամներով վատն են Վրաստանից, Ադրբեջանից։
Խոսենք թվերով։
Երբ գրվում էին այս տողերը, Հայաստանում կորոնավիրուսով վարակված էր 14103 մարդ։ 1 միլիոն բնակչին ընկնող վարակվածների ցուցանիշով սա աշխարհում 19–րդն է (այն դեպքում, երբ բնակչության քանակով մենք աշխարհի 135–րդ պետությունն ենք)։ Այդ ցուցանիշով մենք առաջ ենք անցել կորոնավիրուսային մղձավանջով անցած Իտալիայից և մղձավանջում հայտնված Անգլիայից։ Իտալիայում այդ թիվը 3899 է, Անգլիայում՝ 4275, իսկ Հայաստանում՝ 4760։
1 միլիոն բնակչի հաշվարկով վարակվածների թվով մենք հետ ենք թողել Շվեդիային, որն աշխարհի այն եզակի երկրներից է, որ գրեթե զրոյական սահմանափակումների է գնացել և արտակարգ դրություն չի մտցրել։
Մենք այս ցուցանիշով նախկին ԽՍՀՄ երկրներից համեմատաբար լավ վիճակում ենք միայն Բելառուսից, որտեղ Լուկաշենկոն հավատարիմ մնաց «կորոնավիրուսն ում շունն է» կարգախոսին, համարեց այն սեզոնային գրիպ ու ոչ մի սահմանափակում չմտցրեց։ Իսկ մենք արդեն ամիսներ շարունակ արտակարգ դրության մեջ ենք («կորոնավիրուսն ում շուն ա» հայտարարելուց հետո, իհարկե), բայց թվերն աճում են։
Ինչ վերաբերում է մեր հարևաններին, ապա 1 միլիոն բնակչի հաշվարկով Իրանում վարակված է 2120 մարդ, Թուրքիայում՝ 2053, Ադրբեջանում՝ 842, Վրաստանում՝ 207։ Սա նշանակում է, որ Իրանից ու Թուրքիայից մենք ավելի քան 2 անգամ վատ ցուցանիշ ունենք, Ադրբեջանից՝ 5,6 անգամ, իսկ Վրաստանից՝ մոտ 23 անգամ։
Գանք մահերի թվերին։
Աշխարհում կորոնավիրուսից մահացության միջին թիվը 1 միլիոն բնակչի հաշվարկով 53,8 է։ Հայաստանում այդ թիվը 77 է։ Այսինքն՝ Հայաստանի կառավարությունն աշխարհի մասշտաբով վատ աշխատողներից է համարվում, քանզի միջինից բարձր է մեր մահացության ցուցանիշը։
Եթե համեմատվենք Հայաստանի հետ համադրելի հարևաններ Վրաստանի ու Ադրբեջանի հետ, ապա պատկերը շատ ավելի տխուր կլինի։
Հայաստանում կորոնավիրուսից մահվան երկու ցուցակ է հրապարակվում։ Մենք կդիտարկենք այն թիվը, որը փաշինյանենք ներկայացնում են որպես կորոնավիրուսի ուղղակի հետևանք (թեև ԱՀԿ–ն արգելել է մահերի ցուցակի վարման նման մեթոդաբանությունը)։ Ըստ այդմ՝ Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 227 մարդ։ Վրաստանում մահացել է 13 հոգի, Ադրբեջանում՝ 102։ Եվ դա այն դեպքում, երբ Վրաստանն ու Ադրբեջանը մեզանից ավելի շատ բնակչություն ունեն, ավելի բաց են սահմաններով, ավելի շատ զբոսաշրջիկ ունեն։
Մենք ամոթից գետինը պետք է մտնենք, որ այսպիսի կառավարություն ենք ձևավորել և այսպիսի խայտառակ ցուցանիշներով ենք աչքի ընկնում աշխարհում ու տարածաշրջանում։
Կառավարությունն էլ ամոթից պետք է գլուխը կախեր ու փորձեր ելքեր գտնել՝ առաց ճղճղոցների ու թշնամանքի բացիլի տարածման, բայց դե
Մենք արդեն վերածվել ենք կորոնավիրուսային սև ցուցակի մեջ ընկած երկրի։ Մի երկրի, որտեղ մուտքն այլ երկրներից կարող են չթողնել իրենց քաղաքացիներին և որտեղից կարող են իրենց երկիր չթողնել ՀՀ քաղաքացիներին։
ՀՀ կառավարության անարդյունավետ գործունեության վկայություններից է նաև այն, որ ամբողջ աշխարհը հրաժեշտ է տալիս արտակարգ ռեժիմներին, իսկ մեզ մոտ այն դեռ կա ու մի բան էլ շարունակվելու է։
Շատերը քաղում են իրենց կառավարությունների վարած քաղաքականության դրական պտուղներն ու արդեն բացվում են, իսկ մենք դեռ փակ ենք ու ծայրը չի երևում։
Շատերը հասել են վարակվածների թվաքանակի գագաթին ու սկսել են իջնել, իսկ մենք դեռ մագլցում ենք կորոնավիրուսային սարն ի վեր։
Ու այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը համարձակվում է խոսել արդյունավետ կառավարումից ու փողոցային բառապաշարով հոխորտում է իր ընդդիմախոսների դեմ։
Ասում են՝ պատերազմ է (օգտվում են իրենց քաղաքական հոր «պասից») և պատերազմի ժամանակ դավաճանություն է հրամանատարների փոփոխություն պահանջելը։
Իսկ ի՞նչ անուն դնես այն հրամանատարներին, որոնք թշնամու մուտքը չնկատեցին կամ չնկատելու տվեցին ու մարդկանց անզեն տարան կրակի բերան՝ հանուն սեփական իշխանության ապօրինի ընդլայնման։
Այն ո՞վ էր «այո»–ի օգտին բազմամարդ հավաքներ կազմակերպում կորոնավիրուսով վարակվածի առաջին դեպքի հայտնաբերմանը հաջորդած երկու շաբաթների ընթացքում։ Սրան ռազմական տրիբունալ հասնո՞ւմ է, թե՞ ոչ։
Ի՞նչ անուն դնես այն հրամանատարներին, որոնք դասալիքի պես թռան, հենց որ իմացան թշնամին մտել է մեր տարածք։
Ի՞նչ անուն դնես այն հրամանատարներին, որոնք թշնամուն թողած ներքին պատերազմ են մղում՝ պառակտելով հայ ժողովրդին ու ատելության քարոզ տանելով։
Ի՞նչ անես այն հրամանատարների հետ, որոնք կոմպետենտ չեն, հանրության ռեսուրսը թշնամու դեմ կոնսոլիդացնելու ցանկություն ու կարողություն չունեն։
Եվ վերջապես, ի՞նչ անել այն գերագույն գլխավոր հրամանատարի հետ, որն արդեն իսկ տանուլ է տվել անտեսանելի թշնամու դեմ պատերազմը։ Բնականաբար, պետք է փոխել նրան, որպեսզի հանկարծ տեսանելի թշնամու հետ կռվում պարտություն չկրես։
Հակաճգնաժամային կառավարության ձևավորումը մեր քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցն է դառնում։
Կորոնավիրուսային համաճարակը փորձաշրջան էր։ Պետության գերագույն գլխավոր հրամանատարի դերի փորձաշրջան։ Նիկոլ Փաշինյանը չանցավ այդ փորձաշրջանը։ Նա կտրվեց ստուգարքից։ Ու որպեսզի Հայաստանն ու Արցախը չկտրվեն քննությունից, մեզ նոր որակի իշխանություն է պետք՝ նոր որակի լիդերությամբ»։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից