ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Անդրանիկ Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրել հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա թաքցրել և խեղաթյուրել է որդու` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի կողմից ստացած կաշառքի գումարի իրական բնույթն ու ծագումը և օրինականացրել առանձնապես խոշոր չափերի՝ 309.000.000 ՀՀ դրամին համարժեք 1.000.000 ԱՄՆ դոլարը: Այս մասին հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։
«2008 թվականի գարնանն Արմեն Գևորգյանը, իր մտերիմ անձի օժանդակությամբ ստանալով վերը նշված առանձնապես խոշոր չափերի կաշառքը, դրա իրական բնույթն ու ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու համար ապահովել է նշված կաշառքի գումարի փոխանցումները տարբեր իրավաբանական անձանց անուններով, ինչպես նաև իրեն փաստացի պատկանող, արտերկրում գործունեություն ծավալող կազմակերպության բանկային հաշվին: Այնուհետև նշված կազմակերպության գործադիր տնօրեն Անդրանիկ Գևորգյանը, օժանդակելով որդու կողմից հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելուն, տնօրինել է հիշյալ գումարը և այն ներդրել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության մեջ՝ այդ կերպ խեղաթյուրելով և թաքցնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված կաշառքի իրական բնույթն ու ծագումը:
Անդրանիկ Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: