Կասեցվել է մեկ առևտրի կենտրոնի 26 խանութ-սրահի և «Երևան սիթի»-ի մասնաճյուղի գործունեությունը
Advertisement 1000 x 90

Կասեցվել է մեկ առևտրի կենտրոնի 26 խանութ-սրահի և «Երևան սիթի»-ի մասնաճյուղի գործունեությունը

Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում, իրականացնելով ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված վերահսկողական աշխատանքները հունիսի 12-ին ևս շարունակվել են․ դրանք ընթացել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ զուգակցվելով ՀՀ մարզերում և մայրաքաղաքում անցկացվող մշտադիտարկումներով և կասեցումներով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, գործունեության ժամանակավոր կասեցման որոշում է կայացվել, մասնավորապես, Երևանի կենտրոնում գործող «Պրոսպեկտ մոլ» առևտրի կենտրոնի երկրորդ հարկում գործող միանգամից 26 խանութ-սրահի հանդեպ։ Զուգահեռ՝ կասեցվել է նաև «Երևան սիթի» սուպերմարկետի մասնաճյուղերից մեկի գործունեությունը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։

«Ստուգայցի ընթացքում ԱԱՏՄ աշխատակիցներն արձանագրել են մի շարք թերություններ և խախտումներ․ մասնավորապես, նկատվել են կուտակումներ, բացակայել են գծանշումները, ոչ պատշաճ են իրականացվել ախտահանման և ջերմաչափման աշխատանքները, բացակայայել են իրազեկման թերթիկ-պաստառները և այլն։

24-ժամյա կասեցումներ են կիրառվել նաև առևտրի մեծ ու փոքր կենտրոնների, արտադրությունների և սպասարկման գրասենյակների, ատամնաբուժարանների հանդեպ։ Վերջինների թիվը զգալի է կասեցվող տնտեսավարողների ցանկում․ դրանց հիմնական խախտումներն առնչվում են ախտահանմանը, մանրէազերծմանը և թափոնների վերացմանը։

Պարետի վերջին որոշումներում նկատվում է կասեցումների ավելացում անհատ ձեռնարկատերերի հանդեպ։ Սա վկայում է, որ խոշոր տնտեսավարողների մոտ խախտումները նկատելիորեն նվազել են։ Նույնի մասին են վկայում նաև տեսչական մարմնի ստուգայցերի արդյունքները։

Մշտադիտարկման ընթացքում ԱԱՏՄ տեսուչները նաև խորհրդատվություն են տրամադրում՝ կրկնակի խախտումները բացառելու նպատակով։ ՀՀ ԱԱՏՄ-ն  մեկ անգամ ևս տեղեկացնում է՝ հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանումը պարտադիր է բոլորի համար․ խախտումների դեպքում սահմանված է վարչական պատասխանատվություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։