Անձնական տվյալների արտահոսքերը և ներհոսքերը. Սամվել Մարտիրոսյան
Advertisement 1000 x 90

Անձնական տվյալների արտահոսքերը և ներհոսքերը. Սամվել Մարտիրոսյան

Ադրբեջանական հաքերները՝ Reyncer խմբի անդամները, հրապարակեցին կորոնավիրուսով հիվանդ կամ հիվանդների հետ կոնտակտի մեջ եղած մի քանի հազար հայաստանցիների անձնական տվյալները։

Դրանից տասն օր առաջ ֆեյսբուքյան մի էջում հայտնվեցին Հայաստանում կորոնավիրուսից մահացածների ցուցակները։

Այս տխուր պատմություններն, ամենայն հավանականությամբ, իրար հետ բացարձակապես կապ չունեն։ Արտահոսքերի ձևերն էլ, նույն հավանականությամբ, տարբեր են․ մի դեպքում հաքերները ինչ-որ մեկի  էլեկտրոնային փոստն են կոտրել, մյուս դեպքում երևի թե մարդկային նենգության խնդիր է։

Այն, որ շարունակաբար նման արտահոսքեր են գրանցվում, այն էլ տարբեր աղբյուրներից, մեզ մի քանի դաս է տալիս։ Եվ մենք պետք է այդ դասերը հաշվի առնենք։

ա) Հանրային արձագանքը բավականին հետաքրքիր է։ Մի կողմից կա արդարացի աղմուկ և դժգոհություն։ Կան պահանջներ ինչ-որ մարդկանց հեռացնել։

Բայց գրեթե չես հանդիպի ձայներ այն մասին, որ պետք է ավելի լրջացնել օրենսդրական պահանջները անձնական տվյալների վերաբերյալ։ Չես լսի, որ հարկավոր է մարդկանց բացատրել, թե որն է անձնական տվյալների արտահոսքի վտանգը, բացի այն բանից, որ «սա ահավոր է»։

Փաստացի, մենք ապրում ենք հասարակությունում, որտեղ չկա անձնական տվյալների պաշտպանությունն ավելի խորացնելու պահանջ։ Այսօր տուգանքները այս ոլորտում տատանվում են 200-500 հազար դրամի շրջանակներում։

Որ հասկանալի լինի, ԵՄ կարգավորումներով՝ անձնական տվյալների պաշտպանության խախտումը կարող է հանգեցնել 20 միլիոն եվրո կամ  կազմակերպության տարեկան շրջանառության 4%-ին հասնող տուգանքի։

բ) Հայաստանում չի ձևավորվում անձնական տվյալների պաշտպանության ավելի լուրջ հանրային պահանջ։ Չկա հետևողական պահանջ, որ հրապարակվեն վերոհիշյալ երկու արտահոսքերի հետաքննության վերաբերյալ տվյալները։

Կա ընդհանուր դժգոհություն, որ այդպիսի բան եղել է։

Բայց ի՞նչ պետք է այդ ամենից բխի։ Պարզ չէ։ Իսկ ինչու՞ չկա հանրային պահանջ։ Որովհետև, կարծում եմ, կա իրազեկման խնդիր։

Մի կողմից, չկա պետության կողմից լուրջ մոտեցում։ Միակ բացառությունը  Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն է, որը փորձում է նույնիսկ սոցցանցերի միջոցով մարդկանց ուշադրությունը գրավել, կրթել և այլն։

Սակայն, մի գործակալություն փոքրաթիվ կազմով չի կարող եղանակ փոխել։

գ) Մամուլն այս հարցում նույնպես ունի իր դերը, ավելի շուտ դերի բացակայությունը, իսկ հաճախ նաև բացասական դերը։ Արտահոսքերի դեպքում լրատվամիջոցները հիմնականում նկարագրում են դեպքը և շատ արագ մոռանում դրա մասին։

Թեմայի հետևողական լուսաբանումը և վերլուծումը հաճախ բացակայում է։ Ինչի պատճառով հանրային կարծիք չի ձևավորվում, որը կհանգեցնի թեմայի ավելի լուրջ ընկալմանը, ավելի ընդհանրացված վերլուծությանը։

Կա ավելի բարդ հարց, որի մասին հաճախ է խոսվում, բայց հարցը մնում է օդում։

Այն է, որ մամուլը ինքնին անձնական տվյալների արտահոսքների տիրույթ է։

Նման դեպք է կորոնավիրուսից մահացածների տվյալները․ մի շարք լրատվականներ հաճույքով հրապարակել էին ցուցակները։ Մեր լրատվամիջոցներում ինչ ասես չես հանդիպի՝ անչափահասների տվյալներ, արտահոսքերը չմշակված տեսքով արտատպումներ և այլն, և այլն․․․

Ինչու՞ է ադպես լինում։ Մի կողմից սա հավի ու ձվի պատմությունն է։ Հանրային քննարկումներ չկան այս թեմաներով, քանի որ մամուլը չի արտացոլում խնդիրը այնպես, ինչպես պետք է։ Իսկ մամուլը չի անդրադառնում թեմային, քանի որ հանրային հետաքրքրություն չկա։

Բացի դրանից կան ավելի խորքային խնդիրներ։ Տվյալ թեմաները հաճախ ծանոթ էլ չեն լրագրողներին, քանի որ պատշաճ կրթություն չկա։ Չեն ձևավորվել լրագրողական ավանդույթներ այս հարցերի վերաբերյալ։

Քանի՞ խմբագրի մտքով կանցնի զգայուն թեմային վերաբերող լուսանկարում փակել թեմային չվերաբերող անձանց, էլ չեմ ասում՝ անչափահասների դեմքերը։ Իհարկե, սա զուտ մի օրինակ է, բայց այն նկարագրում է մեր ընդհանուր տեղեկատվական դաշտը անձնական տվյալների տեսանկյունից։

Իհարկե թող տպավորություն չստեղծվի, որ լրագրողներն են ամենամեղավորը։ Մինչև չունենանք նորմալ դատական համակարգ, կարգավորումները կմնան օդում կախված․ հանրությունն էլ չի սկսի դիմել օրենքին, երբ հարկն է։

Մինչև կառավարությունն իր մեջ չստեղծի հստակ քաղաքականություն տվյալների պաշտպանության հարցում և հետևողական չլինի այս հարցում, արտահոսքերը լինելու են անընդհատ։ Ավելին, դրանք ավելի սաստկանալու են։

Այնպես որ պատրաստ լինենք լուսաբանելու հաջորդ մեծ արտահոսքը։ Հուսանք, որ դա չի լինի տեղորոշման համակարգից։

media.am



Նման նյութեր