Համացանցում ակնտիվորեն շրջանառվում են ԱԱԾ կողմից հրապարակված տեսանյութից արված նկարներ, որոնք վերաբերվում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորների կողմից գրված գրություններին։
Տարակուսելի է, արդյոք ԱԱԾ կողմից հրապարակված տեսանյութն է իրավական առումով ավելի խնդրահարույց թե դրանից արված լուսանկարները իշխանական պատգամավորների կողմից տարածելը, բայց մի բան անվիճելի է․ այդ հրապարակումները խախտում մի շարք պատգամավորների նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների ( նաև հաղորդագրություններ) գաղտնիության սահմանադրական իրավունքը, որը անձի իրավական կարգավիճակի հիմնական տարրերից մեկն է։
Ակնհայտ է, որ այդ իրավունքը, իրենից ներկայացնում է որոշակի հնարավորություն, որն արտահայտվում է անհատական հաղորդագրությունների ազատության ու երրորդ անձանց կողմից կամայական միջամտությունից, այդ թվում՝ որևէ վերահսկողությունից ու գրաքննությունից պաշտպանելու միջոցով: Միաժամանակ նշված հնարավորությունը հանդես է գալիս որպես անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիքի կարևոր երաշխիք: Քանի որ առանց դրա գոյության հնարավոր չէ երաշխավորել անձի անհատական ազատությունը և հետևաբար նաև նամակագրության գաղտնիությունը։
Նամակագրության գաղտնիության իրավունքի իրացումը մեծապես ապահովվում է և միաժամանակ երաշխավորվում պետական իշխանության մարմինների ու նրանց պաշտոնատար անձանց պատշաճ գործողություններով: Դա նշանակում է, որ հաղորդագրությունների մասով գաղտնիք կրելու յուրաքանչյուրի իրավունքը իրացվում է, եթե պետական մարմիններն ու հասարակական հարաբերությունների այլ մասնակիցներ
պահպանում են այդ իրավունքի իրացման սահմանադրական պահանջը:
ՄԻԵԴ իրավական դիրքորոշումն այն է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան (հոդ. 8) պահանջում է ոչ միայն պետություններից ձեռնարկել քայլեր, որոնք պետք է ուղղված լինեն առանձին մարդուն իր հաղորդագրության գաղտնիության իրավունքի իրական հարգանքն ապահովելուն, այլև պահանջել պաշտպանել այդ անձին այլոց ոչ իրավաչափ գործողություններից, ովքեր խոչընդոտում են այդ իրավունքի իրականացմանը: Եվ ինչպես ակնհայտ է, պետությունն այսօր իրականացնում է լրիվ հակառակը։
Ըստ էության այս գործողություններով խախտվել է ոչ միայն ՄԻԵԿ, Սահմանադրությամբ նախատեսված այս իրավունքը, այլև «Փոստային կապի մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Տեղեկատվության ազատության մասին, «Օպերատիվ–հետախուզական գործունեության մասին» և այլ օրենքներով նախատեսված մի շարք իրավունքներ։
Ավելորդ եմ համարում անդրադառնալ նաև այն հարցին, որ հրապարակված թղթերում քրեական հանցագործության որևէ տարր չկա, ու առնվազն անհասկանալի է դրանք ԱԱԾ տեսանյութով հանրայնացնելը։
Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից: