Շիրակի մարզում հրատապ է տրիաժային ծառայության կարիքը:
Այս մասին «Արմենպրես»–ին տեղեկացրեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը` նշելով, որ դրա համար հիմք կարող է ծառայել նաև «Գյումրի» բժշկական կենտրոնը։ Տարբեր անհետաձգելի խնդիրներ ունեցող հիվանդները տեղափոխվում են «Գյումրի» բժշկական կենտրոն առանց թեստավորման, մի քանի օր անց պարզվում է, որ նրանց մոտ առկա են կորոնավիրուսին հատուկ նախանշաններ, այսպիսով, հիվանդ պացիենտի հետ շփման հետևանքով վարավում են նաև բուժաշխատողները. հիվանդանոցի բուժանձնակազմի շրջանում արդեն 17 «դրական» դեպք է արձանագրվել, մոտ 2 տասնյակ բժիշկ մեկուսացված է: Հվանդանոցում այս պահին կա ուղեկցող լուրջ խնդիներ, միևնույն ժամանակ կորոնավիրուսի ախտանիշներ ունեցող 13 հիվանդ: Այս պահին հիվանդանոցում ժամանակավոր միջավայր է ստեղծված նրանց համար: «Մի քանի օր շարունակ քննարկում ենք տարբեր սցենարներ, հիվանդանոցի առաջարկով կանգ առանք տարածքային մուդուլային կորպուսով տրիաժային ծառայություն ունենալու գաղափարի վրա, մի մոտեցման, որը կփոխլրացվի հիվանդանոցի գործիքային և մարդկային ծառայություններով: Հիմա նաև հենց հիվանդանոցի հետ քննարկումների և մեր ոլորտային քննարկումների արդյունքում դիմել ենք նախարարություն` Գյումրիում ևս տրիաժային ծառայություն կազմակերպելու առաջարկով»,-նշեց մարզպետը: Բուժհաստատությունը առաջարկություն է ներկայացրել մարզպետարան, մարզպետն էլ ՀՀ ԱՆ՝ հիվանդանոցին կից մոդուլային տրիաժային ծառայություն կազմակերպելու վերաբերյալ: Ներկայացվել նաև Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում ռեանիմացիոն ծառայություն բացելու առաջարկություն:
Շիրակի մարզում այս պահին կորոնավիրուսային ախտանիշով պացինետների բուժմամբ զբաղվում է Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը: Այս հաստատությունում բուժում ստանում են միջին ծանրության վարակվածները, առավել ծանր դեպքերն ուղղորդվում են մայրաքաղաք. Շիրակից արդեն 32 հիվանդ տեղափոխվել է Երևան, սակայն օրեցօր հարյուրավոր նոր դեպքերի ավելացումը կորոնովիրուսային հիվանդության սպասարկման մասնագիտացված հաստատություններում ծանրաբեռնվածության խնդիր է ստեղծում, ինչի պատճառով մարզերից ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացինետներին տեղափոխումը ժամանակ է պահանջում: «Լարվածությունն ու մտահոգությունը, որն ունեինք, շարունակում է պահպանվել: Որոշակի թվերի աճ կա Երևան տեղափոխվող հիվանդների հետ կապված»,- հավելեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Արմենուհի Մխոյան