Զանգվածային հակահամաճարակային շարժումը դանդաղ տալիս է իր արդյունքները: Այս մասին «Ֆեսյբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Չնայած մեծ բացարձակ թվերին վերջին 10 օրերի համաճարակաբանական միտումները ավելի դրական են, քան կանխատեսված էր: Աճի տեմպի նվազման նման միտումների պատճառը կարող է լինել միայն մեր վարքագիծը, հակահամաճարակային պարզ կանոնների պահպանումը:
Իրավիճակը, սակայն մնում է շատ լարված, և մենք բոլորս պետք է հավելյալ ու երկարատև ջանք գործադրենք այն բարելավելու համար»,- գրել է Թորոսյանը։
Հայաստանում հունիսի 17-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 18 033 դեպք, որոնցից 6 814-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 818 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 87 600 թեստավորում:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 302 դեպք:
Արձանագրվել է նաև մահվան 99 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ: