ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի քանի օր շարունակ անհարկի շահարկվում է այն պնդումը, որ 2017թ. ապրիլի 2-ին անցկացված ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին կաշառք տալու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում իրականացվելը ապօրինի է և չի բխում քննչական ենթակայության օրենսդրական իրավակարգավորումներից՝ հաշվի առնելով, որ գործով որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ԱԺ պատգամավոր, ով քրեական դատավարության օրենսգրքի իմաստով ՀՀ ՀՔԾ սուբյեկտ է:
Նախ՝ պետք է նշեմ, որ չնայած տարատեսակ մեկնաբանություններին, Գ. Ծառուկյանի նկատմամաբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության վերաբերյալ դատական ակտի շրջանակում դատարանն այդ հարցին չի անդրադարձել։ Բայց խնդիրն անգամ դա չէ։
Իրականում քննչական ենթակայության հետ կապված օրենսդրությանը հակասող որևէ իրավիճակ այստեղ չկա և շահարկումներն ի սկզբանե անհիմն էին և անօգուտ:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ դատախազի բացառիկ լիազորությունն է քրեական գործը նույն օրենսգրքի 190 հոդվածով սահմանված նախաքննության մի մարմնից հանձնել նախաքննության մեկ այլ մարմնի` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով:
Դատախազի վերը նշված լիազորությունը սահմանող իրավադրույթը նախաքննության մեկ մարմնից մյուսին քրեական գործի փոխանցման համար որևէ նախապայման կամ սահմանափակում չի նախատեսում և դատախազի լիազորության իրականացումը պայմանավորում է բացառապես քրեական դատավարության հանրային շահով, այն է՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտությամբ:
ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից իրավակիրառական պրակտիկան անշեղորեն հետևել է վերը մեջբերված իրավանորմի նշված տրամաբանությանը: Դատարանների կողմից այդ իրավադրույթը մշտապես կիրառվել է վերոնշյալ բովանդակությամբ, և քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա նախաքննության մարմնին հանձնարարված բազմաթիվ քրեական գործեր մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, կայացվել և օրինական ուժի մեջ են մտել մեղադրական դատավճիռներ:
Այս իմաստով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի և նույն օրենսգրքի 190-րդ հոդվածի միջև արհեստական հակասություն «ստեղծելու» փորձերն անհեռանկար են: Նույնիսկ նման ենթադրական հակասության առկայության դեպում, հիմք ընդունելով իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը (եթե նորմատիվ իրավական ակտն ունի ընդհանուր և հատուկ մասեր, ապա այդ մասերի նորմերի միջև կոլիզիայի դեպքում գործում են ընդհանուր մասի նորմերը), կգործի 53-րդ հոդվածի 2-րդ մասը:
Չէր խանգարի ծանոթանալ, բոլորովին վերջերս՝ 2020թ. փետրվարի 20-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՇԴ/0001/01/20 գործով կայացված որոշմանը, որի պատճառաբանական մասից մեջբերում եմ ընդամենը մեկ հատված. «…Այսինքն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված քրեական գործերի քննչական ենթակայության կանոնները իրենց բնույթով անփոփոխելի չեն, և համապատասխան հանրային մասնակիցների կողմից կարող են փոխվել կոնկրետ գործերով օրենքով սահմանված քննչական ենթակայության կանոնները: Դատարանը գտնում է, որ քննչական ենթակայության կանոնների փոփոխման ճկունությունը պայմանավորված է տարբեր հանգամանքներով, ինչպիսինը կարող են լինել՝ քննչական մարմինների ծանրաբեռնվածությունը, տեխնիկական և կադրային հագեցվածությունը և այլն:
Հետևաբար Դատարանը գտնում է, որ հսկող դատախազը, նրա վերադասը կարող են որոշել քրեական գործի ենթակայությունը, բացառությամբ միայն Գլխավոր դատախազի բացառիկ լիազորության մեջ մտնող վերոնշված դեպքի:
….Դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը նշելով «190 հոդվածով սահմանված նախաքննության մի մարմնից հանձնել նախաքննության մեկ այլ մարմնին» ձևակերպումը չի կանխորոշել դրանով իսկ ենթակայության փոփոխության որևէ սահմանափակում, այլ միայն հղում է կատարել այն հոդվածին, որտեղ նշված են Հայաստանի Հանրապետությունում գործող և նախաքննության կատարելու լիազորություն ունեցող քննչական մարմինները և գործերի օրենքով որոշված ենթակայության կանոնները:
Բացի այդ Դատարանը կարևոր է համարում նաև այն, որ և΄ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում, և΄ 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված քննչական ենթակայության փոփոխման նպատակը նույնն է՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելը: …»
Վերոգրյալի հաշվառմամբ էլ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով ԱԱԾ քննչական դեպարտամենտում սույն թվականի հունիսի 10-ին հարուցված քրեական գործով նախաքննության կատարումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա հանձնարարվել է նախաքննության նույն մարմնին»: