Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին հայտնի է, թե ոստիկանության քրեական գործերի գլխավոր վարչությունում ինչ քրեական գործերի շրջանակներում է ցուցմունք տալու։ Տեղեկությունը նա հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Ես այսօր երկու տարբեր, իրար հետ կապ չունեցող քրեական գործերով որպես վկա պետք է հարցաքննվեմ։ Գործը վերաբերում է «Լույս» խմբակցությանը օրենքով ամրակցված մեքենային, որը բնականաբար ունի վարորդ։ Նրան առավոտյան բերել են քրեական վարչություն։ Ոստիկանություն ակնկալում էր, թե վարորդը ֆիկտիվ է գրանցված, գումարն ուրիշն է ստանում, սկսել են իմ վերաբերյալ հարցեր տալ»,-ասաց Խաժակյանը և ծիծաղելի համարեց կատարվածը։
Նրա խոսքով`փորձում են իրեն մեղսագրել ինչ-որ պատմություն։
Խաժակյանը հավաստիացնում է, որ ամիսներ շարունակ նրան սեփական և խմբակցության մեքենայում տեսագրել են, խոսակցություններ են ձայնագրել և հիմա ինչ-որ բան են գտել։
«Անկեղծ ասած, մտածում էի` դա անգամ գործի հարուցմանը չի հասնի, և կգտնվի ինչ-որ մեկը, որ նվազագույն իրավական պատկրացում կունենա և կասի` ժողովուրդ ջան, սա քրեական գործի հարուցման հիմք չէ, բայց պարզվեց գործը հարուցված է, ներգրավյալներ կան»,-ասաց նա։
Խաժակյանը մնում է իր համոզմունքին` կատարվածը քաղաքական հետապնդում է։
«Սա մեկ մարդու հանձնարարությամբ կարող էր լինել, որը Նիկոլ Փաշինյանն է։ Երևում է` շատ է նեղվել, հատկապես վերջին դեպքից հետո , երբ իր քավորի և քավորի եղբոր մասնակցությամբ միջադեպից հետո, պարզվեց` կա որոշակի քրեական հանցակազմ իրենց ազգականի կատարած գործառույթներում։ Հիմա եկել ասում են`գիտես ինչ, մենք քեզ ամիսներ շարունակ հետևել ենք և դու այ էստեղ մի բան էն չես արել»։
Խաժակյանը ենթադրում է, որ մյուս քրեական գործը կապված է օրեր առաջ ԱԱԾ-ի դիմաց տեղի ունեցած ցույցի հետ, որին ինքն էլ է մասնակցել։
Հիշեցնենք` Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ ժամեր առաջ ծանուցում է ստացել ներկայանալու ոստիկանության քրեական գործերի գլխավոր վարչություն (6-րդ վարչություն, Նալբանդյան 130) հարուցված քրեական գործի շրջանակներում ցուցմունք տալու:
Հիշեցնենք նաև, որ 2019 թվականին Դավիթ Խաժակյանը գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, որտեղ, մասնավորապես, նշել էր, որ ս.թ. հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 8-ը Հայկ Մարությանը գտնվել է արձակուրդում, որի ժամանակ նրա լիազորությունները զբաղեցրել է քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանը, սակայն քաղաքապետի որոշմամբ` Սարգսյանը նոյեմբերի 5-ից 13-ը գործուղվել է արտասահման։ Հրաչյա Սարգսյանին փոխարինել է քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը։ Վերջինս հիշյալ ժամանակահատվածում ավելի քան 7 տասնյակ փաստաթղթեր է ստորագրել` չունենալով այդ լիազորությունները։
Հիմք ընդունելով այս ամենը, Խաժակյանը պահանջում է, որ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ու Հայկ Մարությանը պատասխանատվության ենթարկվեն` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Խաժակյանը նաև պատրաստակամություն էր հայտնել աջակցել քննությանը և մատնանշել բազմաթիվ այլ հանգամանքներ։