Առցանց Կաննում EAVE-ի Եվրոպական ծրագրերի կառավարիչ Սատու Էլոյի հետ քննարկման ժամանակ հնչեցվեց Հայաստանում «Պարալլելս ֆիլմպրոդաքշն» կինոընկերության դեմ կինոյի պետական կառույցների կողմից իրականացվող թիրախավորված կեղտոտ արշավի մասին։ Հարց ու պատասխանի թարգմանությունը՝ ներքևում։ Անգլերենը՝ երեկոյան։
Հ․Գալստյան․ – Բարև բոլորին, Ես Հովհաննես Գալստյանն եմ, կինոռեժիսոր, պրոդյուսեր, ներկայացնում եմ Պարալլելս Ֆիլմ պրոդաքշն կինոընկերությունը, Հայաստանից։ Կսկսեմ շնորհակալությունից EAVE-ին, որովհետև մենք այստեղ ենք EAVE-ի հրավերով։ Նաև, ուզում եմ ասել՝ մենք փոքր ընկերություն ենք, որը կենտրոնացած է միջազգային համատեղ ֆիլմարտադրության վրա և մեր երկու կինոնախագծերը զարգացվել են EAVE-ի ծրագրերով 2012 և 2015թ-ին, ու մենք գործընկերներ են գտել EAVE-ի շնորհիվ։ Իմ հարցը սակայն այսքան լավատեսական չէ։ Ու ես այն հնչեցնելու համար, հրավիրում եմ միանալ զրույցին մեր միջազգային կապերի պատասխանատու Անի Գալստյանին։ Խնդրեմ, Անի։
Անի Գալստյան․ – Ողջույն բոլորին։ Ես Անին եմ։ 2017թ-ից սկսած մեր ընկերությունը հայտնվեց Հայաստանի կինոյի կառույցների թիրախում։ EAVE-ի կողմից զարգացված մեր ֆիլմերից մեկի՝ «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորումը կասեցվեց, իսկ մյուս ֆիլմի՝ «Թողության» դեմ քրեական գործ հարուցվեց։ Մենք 3 տարի ստիպված էինք հրապարակային պայքար մղել անարդարության դեմ, դիմելով այնպիսի ծայրահեղ քայլի ինչպես հացադուլն է։ Բարեբախտաբար արդարությունը հաղթեց, քրեական գործը կարճվեց, մենք արդարացվեցինք և հանրային աջակցության շնորհիվ կարողացանք շարունակել արտադրությունը։ Հիմա այստեղ ենք ֆիլմով, որը հետարտադրության վերջին փուլում է և որի մեջ ներառված են դրվագներ այդ պայքարից։ Ամեն ինչ լավ է, բայց սկզբում, երբ մենք մենակ էինք, շատ ծանր էր։
Հարցը հետևյալն է՝ «Արդյոք EAVE-ն ունի անկախ կինոընկերություններին, կամ պրոդյուսերներին պաշտպանելու, իրավական, խորհդատվական աջակցություն ցուցաբերելու մեխանիզմներ, երբ նրանք, ինչպես մենք, իրենց երկրներում ենթարկվում են կինո կառույցների կողմից թիրախավորված հարձակման»։
Սատու Էլո (EAVE). – Ցավոք, մենք չունենք այդպիսի ծառայություն։ Սակայն եթե դիմեք առանձին նամակով, մենք անկասկած կուսումնասիրենք ամբողջը ու կփորձենք օգտակար լինել ինչով հնարավոր է։
Սա էսպես։ Ոնց խոստացել էի, ցանկացած միջազգային հարթակ, որտեղ հրավիրված կլինեն մեր ընկերության ֆիլմերը, կինոփառատոն, սեմինար, գործարար հարթակներ, մենք օգտագործելու ենք՝ ՀՀ կինոյի պետական կառույցների կողմից մեր դեմ իրականացված կեղտոտ արշավի մասին կինոհանրությանը տեղեկացնելու համար։ Դուք, ողորմելի ստահակներ, պիտի հասկանաք, որ միջազգային ֆիլմարտադրողը հանաք չի, կինոն էլ ձեր գեղի բոստանը չի ու այն, ինչ փորձեցիք անել մեր դեմ՝ չի կրկնվելու, չի մոռացվելու, չի ներվելու։ Երբեք։
Պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի ֆեյսբուքյան էջից: