Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկումներ անցկացնել Երևան քաղաքում պարետատան սահմանած հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ: Հունիսի 24-ին տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկում են իրականացրել Երևանի՝ Շենգավիթ վարչական շրջանում: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։
«Մշտադիտարկում իրականացված տարածքում դիտարկվել են որոշ խախտումներ, մասնավորապես բացակայել են ջերմաչափման մատյանները, սոցիալական հեռավորություն պահպանելու գծանշումները և դիմակների համար նախատեսված հատուկ փակվող աղբամանները:
Հիմնական խախտումերը արձանագրվել են շինանյութի խանութներում: Շինանյութի խանութներից մեկում փակցված է եղել միայն դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկը, հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերով սահմանված մնացած պահանջները խախտված են եղել:
Մշտադիտարկումներ են իրականացվել նաև վարչական շրջանի Ֆրունզեի 104 հասցեում գտնվող շինանյութերի տոնավաճառում, որտեղ արձանագրվել են պարետատան կողմից սահմանած հակահամաճարակային անվտանգության նորմերի բազմաթիվ խախտումներ. մասնավորապես բացակայել են ջերմաչափերը, ջերմաչափման գրանցամատյանները, դիմանկերի և ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները և սոցիալական հեռավորություն պահպանելու գծանշումները:
Պարետի որոշմաման հիման վրա այսօր նաև ՇՎՏՄԻ-ի աշխատակիցների կողմից 24 ժամով կասեցվել է հեղուկ գազի և բենզինի լիցքավորմամբ ինչպես նաև շինանյութի վաճառքով զբաղվող մի քանի տնտեսվարողների գործունեությունը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում :
Կասեցման պատճառ է հանդիսացել ջերմաչափման գրանցամատյանների և հատուկ փակ աղբամանների բացակայությունը:
ՇՎՏՄ-ի կողմից շարունակվում է մշտադիտարկումները Երևան քաղաքում: Կազմված խախտումների վերաբերյալ արձանագրությունները ուղարկվում են պարետատուն:
Հիշեցնենք որ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: