ՀՀ վարչապետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում կիսվել է աղանդավորական էջից տեսանյութով եւ ընդգծել. «2016-ին, թե 17-ին Հ1-ին տված հարցազրույցից հետո, որից կտոր կա այս տեսանյութում, միշտ ափսոսում եմ, որ մի միտք պակաս եմ ասել։ Իսկ այդ միտքը հետեւյալն է. բազմաթիվ նախադասություններ, մտքեր, որոնք Նոր Կտակարանում լսում ենք Հիսուս Քրիստոսի շուրթերից, ահա այդ նախադասությունները, մտքերը կարող էին ունենալ միայն աստվածային ծագում։ Մահկանացուն նման մտքեր չէր կարող արտահայտել, նման նախադասություններ չէր կարող ձեւակերպել։ Վկան՝ Հիսուսից հետոյի եւ առաջվա հազարամյա պատմությունը»։
Ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախագահ ԱԼՄԱՍՏ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ մեկնաբանելով վերոնշյալը՝ գրել է. «Հարգարժան վարչապետ, կարծում եմ՝ լուրջ կայքին տրված ձեր լուրջ հարցազրույցը հոգեւոր իմաստալից թեմայի հետ կապված, որը բոլոր նորմալ մարդկանց հասկանալի էր, պետք չէր փչացնել ու հարամել էժան աղանդավորական աստվածաբանական լուրջ միտք չունեցող անհասկանալի դավանական ծագում ունեցող վայ-քարոզիչների էջերից մեջբերում անելով: Սա ոչ միայն Եկեղեցի-պետություն ոչ մի կերպ չկառուցվող հարաբերություններին է վնասում, այլ նաեւ մարդ-քրիստոնյա, հայ-քրիստոնյա հարաբերություններին: Հուսամ՝ էմոցիոնալ հիմքով եք կիսվել, ոչ թե աստվածաբանական»: