Մի հին ֆիլմից (վերնագիրը չեմ հիշում) մի դրվագ դաջվել է գիտակցությանս մեջ: Նացիստական համակենտրոնացման ճամբարում մարդկանց տանում էին գազախցիկներ: Ու այդ ընթացքում ճամբարի բարձրախոսներից հնչում էր դասական երաժշտություն (կարծեմ Վագներ), որը միացրել էր գերմանացի տոհմիկ ազնվական ճամբարի պետը:
Գուցե զուգահեռը կոռեկտ չէ, բայց ամեն անգամ, երբ Ֆեյսբուքում կարդում եմ որևէ դասախոսի, անվանի գիտնականի, արվեստագետի, պոեզիայի սիրահարի, բոլորի կողմից որպես մտավորական ճանաչված կամ իրեն այդպիսին ներկայացնող որևէ մեկի ստատուսները` ինչ որ մեկի երեխաների հասցեին անեծքներով, ինչ որ մեկի ծնողների հասցեին հայհոյանքներով, ինչ որ մեկին առանց դատ ու դատաստանի կախելու կամ մորթելու կոչերով, ինչ որ մեկի գլուխը ջարդելու կամ վառելու պատրաստակամությամբ, միանգամից այդ ֆիլմի այդ տեսարանն եմ հիշում: Որովհետև այդ նույն մարդիկ, այդ նույն ստատուսներից հինգ րոպե առաջ տեղադրած էին լինում կամ հինգ րոպե հետո տեղադրում են Նարեկացու տողեր` Աստծո ու բարության մասին, Համո Սահյանի բանաստեղծությունը`
սիրո ու քնքշության մասին, Շարականներ կամ Բախի խորալներ…
Մտածում ես. եթե մարդը երեխայի է անիծում, ինչպե՞ս կարող է Նարեկացի սիրել, եթե մարդը Շարական է սիրում, ինչպե՞ս կարող է մյուսի ծնողին հայհոյել: Այդպես չի լինում` կամ մեկն է կամ մյուսը: Ֆալշ կա, շիրայոտ ֆալշ։
Սպարտակ Սեյրանյանի ֆեյսբուքյան էջից: