2020թ. հունիսի 30-ին՝ ժամը 16:30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի մոտ լսել է կրակոցի ձայներ և տեսել է, որ գլխի վնասվածքով մարդ կա ընկած: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Դեպքի վայրի՝ նշված շենքի հարակից տարածքի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքերի նմուշներ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:
Քննությամբ պարզվել է կրակոցներ արձակած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի 21-ամյա բնակիչ է, որը միևնույն ժամանակ ստացել է մարմնական վնասվածքներ:
Վերջինս ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով:
Նշանակվել են դատաբժշկական, դատաքիմիական փորձաքննություններ, ստացվել են կրակոցի արգասիքի նմուշներ: Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպին մասնակից այլ անձի (անձանց) ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: