Ավստրալիան և Մեծ Բրիտանիան պատրաստ են ընդունել հոնկոնգցիներին՝ Պեկինի ընդունած նոր օրենքից հետո
Advertisement 1000 x 90

Ավստրալիան և Մեծ Բրիտանիան պատրաստ են ընդունել հոնկոնգցիներին՝ Պեկինի ընդունած նոր օրենքից հետո

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնն արձագանքել է Չինաստանի կողմից Հոնկոնգում ազգային անվտանգության մասին նոր օրենքի ընդունմանը։ Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նա ասել է, որ Ավստրալիան պատրաստ է ապաստան տրամադրել Հոնկոնգի բնակիչներին։

Մինչև այս Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիայում ապրելու և աշխատելու հնարավորություն էր առաջարկել այն հոնկոնգցիներին, ովքեր ունեն բրիտանական միջազգային անձնագիր ստանալու իրավունք, հաղորդում է CNN-ը։ Ըստ հաշվարկների՝ այդ հնարավորությունից կարող է օգտվել շուրջ 3 մլն մարդ։ Չինաստանն արձագանքել է Բրիտանիայի այս հայտարարությանը՝ ասելով, որ համապատասխան միջոցներ կձեռնարկի հոնկոնգցիներին քաղաքացիություն շնորհելու ծրագիրն արգելափակելու համար։

Անվտանգության օրենքը ուժի մեջ է մտել հուլիսի 1-ին՝ Հոնկոնգի՝ Չինաստանի իրավասության տակ անցնելու 23-ամյակի օրը։ Հոնկոնգում բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել կենտրոնական իշխանությունների ընդունած օրենքի դեմ։ Reuters-ի փոխանցմամբ՝ ցույցը ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է բաց թողել և ռետինե փամփուշտներ արձակել ակցիայի մասնակիցների վրա։ 300-ից ավելի մարդ ձերբակալվել է։

Պեկինի ընդունած նոր օրենքը կոչված է պայքարել այն գործողությունների դեմ, որոնք սպառնում են Հոնկոնգում ազգային անվտանգությանը։ Այդպիսի սպառալիքների թվում են անջատողականությունը, ահաբեկչությունը, պետական իշխանության խարխլումը և դավադրությունն օտարերկրյա ուժերի հետ։

Բրիտանիայի վարչապետի խոսքով՝ Պեկինի ընդունած օրենքը հակասում է 1984թ.-ին երկու երկրների ընդունած համատեղ հռչակագրին, որով բրիտանական անկլավ հանդիսացող Հոնկոնգը 1997թ.-ից անցնում էր Չինաստանի իրավասության ներքո, սակայն տարածքին 50 տարով ինքնավարություն էր տրվում՝ ըստ «մեկ երկիր, երկու համակարգ» համաձայնագրի։

shantnews.am



Նման նյութեր