Հայաստանը պոլիէթիլենային տոպրակների դեմ պայքարի օրն այս տարի նշում է առաջամարտիկ երկրների շարքում
Advertisement 1000 x 90

Հայաստանը պոլիէթիլենային տոպրակների դեմ պայքարի օրն այս տարի նշում է առաջամարտիկ երկրների շարքում

Միջազգային հանրությունը հուլիսի 3-ը հռչակել է Առանց պոլիէթիլենային տոպրակների օր։ Այդ օրը Երկիր մոլորակի առաջադեմ մարդկությունն ուշադրությունը բեւեռում է արդեն համամարդկային աղետի վերածված այս քիմիական արտադրանքի վրա։ Աշխարհում տարեկան օգտագործվում է 4 տրիլիոն նման տոպրակ։ Դրանք ընդամենն օգտագործվելով 10-15 րոպե՝ բնությունն աղտոտում են 100—400 տարի։

Առաջին անգամ պոլիէթիլենային տոպրակները ստեղծվել են 1957 թ. ԱՄՆ-ում՝ սենդվիչների, հացի, մրգերի եւ բանջարեղենի փաթեթավորման համար։ Ցածր ինքնարժեքի պատճառով այն շատ արագ տարածվեց առեւտրի ոլորտում։ Ստեղծումից արդեն 5 տարի անց այդ երկրի հացամթերքի 30 տոկոսը փաթեթավորվում էր պոլիէթիլենային տոպրակներով։ 1973-ին Արեւմտյան Եվրոպայում արդեն արտադրվում էր 11.6 միլիոն տոպրակ։ Արհեստական այս տոպրակների արտադրության գագաթնակետը դարձավ 2000-ականների սկիզբը, երբ աշխարհում արտադրվեց 5 տրիլիոն պոլիէթիլենային տոպրակ։

Այս արտադրատեսակի ոչնչացման մեխանիզմների կիրառման բարդությունը եւ շատ դեպքերում՝ անհնարինությունը պետություններին ստիպեցին գնալ դրանց արգելքի ռեժիմների սահմանման ճանապարհով։ Դրան զուգահեռ գիտնականներն սկսեցին ուսումնասիրություններ անցկացնել՝ պարզելու համար, թե որ միկրոօրգանիզմները կարող են քայքայել պոլիէթիլենային տոպրակները։ Պարզվեց, որ բորբոսասնկերի տեսակ կա, որը կարող է երեք ամսում մասնակիորեն քայքայել նման տոպրակները։ Դրանք ավելի արագ քայքայում են պոլիէթիլենային բակտերիաները, որոնք ապրում են հնդկական ուտիճների (Nocardia asteroides) աղիքներում։ Այդ միկրոօրգանիզմները 100 միլիգրամ պոլիէթիլենը կարողանում են քայքայել 8 շաբաթվա ընթացքում։ Սակայն նման բակտերիաներով տոպրակների ոչնչացումը գործնականում անհնար է տոպրակների թափոնների կառավարման դժվարությունների պատճառով։

Աղբավայրերում պոլիէթիլենային տոպրակների այրման կամ ինքնայրման դեպքում էլ մթնոլորտ են արտանետվում մարդու եւ կենդանիների առողջության համար ծայրահեղ վտանգավոր դիօքսին եւ ֆուրան գազերը։

Մոլորակի բնակչությունը շատ արագ զգաց քիմիական արդյունաբերության այս արտադրանքի աղետալի հետեւանքները եւ սկսեց գնալ դրա օգտագործման սահմանափակումների եւ արգելքների։ Դեռ 1994 թ. Դանիան արգելեց խանութներում անվճար տոպրակների տրամադրումը։ Դրանք վճարովի դարձնելուց հետո գնորդների 90 տոկոսն սկսեց չօգտագործել նման տոպրակները։ Գերմանիայում տոպրակների հեռացման համար վճարում է գնորդը, իսկ դրանց հավաքման եւ երկրորդային վերամշակման համար պատասխանատվությունը դրված է վաճառողների եւ տարածողների վրա։ Իռլանդիայում տոպրակների գների բարձրացումը 94 տոկոսով կրճատեց դրանց օգտագործումը։ Այդ երկրի բնակիչներն օգտվում են կտորից տոպրակներից։ Սինգապուրում, Բանգլադեշում եւ Թայվանում 2003-ից ամբողջովին արգելվել են պոլիէթիլենային տոպրակների արտադրությունը եւ օգտագործումը։ Տեղի իշխանությունները նման որոշման են գնացել կոմունալ-կենցաղային ջրահեռացման համակարգերի եւ գետերի հուների խցանման բազմաթիվ դեպքերի պատճառով։ Տանզանիայում պոլիէթիլենային տոպրակի օգտագործման կամ արտադրության համար սահմանված է 2000 դոլար տուգանք կամ մեկ տարվա ազատազրկում։

2004 թ. Ավստրալիայի Կենգուրու կղզում ամբողջովին արգելվեց այդ տոպրակների օգտագործումը, որն աշխարհում դարձավ առաջին գոտին, որտեղ իսպառ բացակայում են պոլիէթիլենային տոպրակները։ Նույն տարում Անգլիայում արտադրվել են կենսաբանական հիմքով տոպրակներ, որոնք բնության մեջ քայքայվում են 4 տարվա ընթացքում։ Նույնիսկ աֆրիկյան Ռուանդան արգելեց պոլիէթիլենային տոպրակների կիրառումն իր տարածքում։

Ֆինլանդիայի սուպերմարկետներում այսօր տեղադրված են տոպրակների հանձնման ավտոմատ սարքեր՝ դրանք երկրորդական օգտագործման համար։ Սակայն երկրների մեծ մասը գնում են պոլիէթիլենային տոպրակների արտադրության եւ օգտագործման արգելքի ճանապարհով։ 40 երկիր լիովին կամ մասնակի արգելել են նման տոպրակների արտադրությունը եւ օգտագործումը։ Պոլիէթիլենային տոպրակների օգտագործման սահմանափակումներ են կիրառվում արդեն 160 երկրում։

Հայաստանն այս տարի միացավ այդ երկրներին։ Խորհրդարանը միաձայն ընդունեց շրջակա միջավայրի նախարարության առաջարկած օրենքի նախագիծը։ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում կատարված լրացումով 2022 թ. հունվարի 1-ից առեւտրի օբյեկտներում եւ դրա իրականացման վայրերում, շրջիկ առեւտրի կետերում կարգելվի մինչեւ 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների եւ պարկերի օգտագործումը։

Հայաստանում այս արտադրանքի բնապահպանական հետեւանքների ծավալներն աննախադեպ էին։ Կոշտ կենցաղային թափոնների բաց եղանակով տեղադրումը, ինչպես նաեւ դրանց սորտավորման մեխանիզմների բացակայությունը պատճառ էին դառնում քամու միջոցով հանրապետության ողջ տարածքով դրանց տեղափոխմանը։ Իսկ Հայաստան տարեկան ներմուծվում է մոտ 19 հազար տոննա պոլիէթիլենային տոպրակ, եւ բացի այդ, տեղում էլ արտադրվում է եւս 9 հազար տոննա։ Այն ոչ միայն մի քանի հարյուր տարով աղտոտում է հայրենի բնությունը, այլեւ կենդանիների միջոցով մտնում մարդու սննդի շղթա։ Այստեղ ավելորդ չէ նշելը, որ պոլիէթիլենը քայքայվելուց հետո վերածվում է միկրո մասնիկների, որոնք ավելի հեշտությամբ են հայտնվում կենդանի օրգանիզմներում։

Հուլիսի 3-ին ողջ առաջադեմ մարդկության հետ մեր հանրապետության քաղաքացիները միանում են բնապահպանական այս աղետի դեմ պայքարին՝ ոչ միայն ընթացիկ միջոցառումներով եւ հերթական աղբահավաքության ակցիաներով, այլեւ խնդրի հիմնարար լուծում սահմանող օրենսդրական կարգավորմամբ, որն անշրջելի կդարձնի պոլիէթիլենային տոպրակներից հրաժարվելու գործընթացը։

 

Արմեն Վարդանյան

«Հայաստանի Հանրապետություն օրաթերթ