«Հերոստրատի փառքի փոխարեն կարելի է հակառակ ճանապարհն ընտրել». Գևորգ Էմին-Տերյանի նամակը ԿԳՄՍ հաջորդ նախարարին
Advertisement 1000 x 90

«Հերոստրատի փառքի փոխարեն կարելի է հակառակ ճանապարհն ընտրել». Գևորգ Էմին-Տերյանի նամակը ԿԳՄՍ հաջորդ նախարարին

Հարգելի պարոն նախարար, պատկերացրեք, որ Հերոստրատի փառքի փոխարեն կարելի է հակառակ ճանապարհն ընտրել․ կարելի է զարգացնել հայագիտությունը։ Օրինակ՝ պատվիրեք հետազոտություն, թե ինչքան հայ երեխա է ուշ խոսում այն պատճառով, որ համացանցում հայերեն մուլտֆիլմներ քիչ կան։ Վստահեցնում եմ, որ կվախենաք այդ թվից։ Հայկական կինոթատրոններն ու հեռուստաընկերությունները շարունակում են օտար լեզվով ֆիլմեր ցուցադրել։ Հայերենի իմացությունը ստուգող միակ հնարավորությունն ընդունելության թեստն է, որի հիմքում հայերենի ոչ թե կանոններն են, այլ բացառությունները, և որը հիմնվում է անգիր անելու հակամանկավարժական սկզբունքի վրա, այնինչ մարդը միշտ էլ պիտի կարողանա ստուգել մայրենիի իր իմացությունը և կատարելագործել այն։ Բուհերին պետք է հանձնարարվի հայերենի իմացության ավելի բարձր մակարդակ ապահովելու խնդիրը։ Հայերենի ու հայ գրականության դպրոցական ծրագրերը վերաիմաստավորման ու վերափոխման կարիք ունեն․ չհավատաք, եթե Ձեզ վստահեցնեն, թե միայն Ձեր ընկերների միջոցով կարող եք լուծել այդ խնդիրը։ Աշխարհի տարբեր ծայրերում հայ երեխաներ են ապրում, որոնք չեն կարողանում հայերեն սովորել առցանց ինքնուսույցների բացակայության պատճառով։ Բազմաթիվ մարդիկ չեն կարողանում վերագտնել իրենց հայկական ինքնությունն էլի նույն պատճառով։ Պետություններ կան, որոնք արգելում են հայալեզու գրականության մուտքն իրենց տարածք, իսկ անհրաժեշտ հայալեզու գրականությունն ամբողջությամբ թվայնացված չէ։ Սփյուռքում հայերենի ուսուցիչներ չկան նաև այն պատճառով, որ Հայաստանում արևմտահայերեն և դասական ուղղագրություն չեն սովորեցնում։ Հայագիտական բուհական բոլոր դասագրքերը պետք է թարմացվեն։ Եվ վերջապես, բուն հայերենը կարիք ունի բարեփոխման․ գրական լեզվի կանոնների բեռնաթափում պետք է կատարվի։ Հարգելի ՀՀ ԿԳՄՍ հաջորդ նախարար, հայագիտության բոլոր համեստ մշակների անունից գրկում եմ Ձեզ և խոնարհվում Ձեր առջև։

Ձեր՝ Գևորգ ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ



Նման նյութեր