ՕՐՎԱ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆ
Մեր ազգի ինքնության, անվտանգության և կենսունակության 5 կարևոր և անբաժանելի բաղադրիչներն են, որոնց հերթականությունը կարելի նաև փոխել՝
ԱԶԳԱՅԻՆ ԼԵԶՈՒ-Հայոց լեզուն աշխարհի ամենահարուստ, զարգացած և կենսունակ լեզուներից է՝ հայեցի մտածողության, ազգապահպանության և ինքնուրույն դիմագծի հիմքերից, որի քաջ իմացությունը մեզ դարերի ընթացքում թույլ է տվել հեշտությամբ սովորել նաև օտար լեզուներ և ծանոթանալ համաշխարհային գլուխգործոցներին։ Ուշադրություն դարձրեք մեր պաշտոնյաների, հեռուստատեսության և սոցցանցերի լեզվին և հստակ կլինի՝ պե՞տք է զորացնել և առավել խնամքով մոտենալ մեր լեզվին, թե՞ շարունակել կրճատել լեզվի դասաժամերը և խոսել «խեցբեկ» հայերենով։
ԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ- ժամանակին համահունչ, բազմակողմանի, մրցունակ և որակյալ կրթության ապահովում մեր երեխաների համար, որի միջոցով հայն առավել կսիրի իր հայրենիքը, կծանոթանա հոգեմտավոր հարուստ ժառանգությանը և պատրաստ կլինի դիմագրավելու արդի մարտահրավերներին ու բաց լինելու աշխարհի առաջ։ Նման փորձառության վկաները սահակ-մեսրոպյան դպրոցն ու միջնադարյան մեր վարդապետարաններն էին, որոնց շրջանավարտները ոչ միայն հայրենասեր ու աստվածասեր էին, այլև իրենց իմացականությամբ և գիտելիքներով կարող էին մրցել նույն ժամանակի եվրոպական համալսարանների հետ։ Ուսումնասիրե՞լ ենք այս փորձը․․․․․
ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑԻ-Հայոց Եկեղեցին մեր հոգևոր անվտանգության երաշխավորն է, Տիրոջից ստացած ճշմարտության կրողն ու ուղղափառ դավանության փոխանցողը, հոգեմտավոր ժառանգության ստեղծողն ու պահապանը։ Ի վերջո՝ մենք քրիստոնյա՞ ազգ ենք քրիստոնեական արժեհամակարգով, թե՞ դրա մասին հիշում ենք միայն օտարների հետ շփվելիս և անհրաժեշտության դեպքում անդրադառնում ենք պարծենալու համար։
ԸՆՏԱՆԻՔ-Տղամարդու և կնոջ միությունն է, որը հիմնված է սիրո, փոխադարձ հարգանքի և վստահության վրա, ուր բոլոր խնդիրները լուծվում են միմյանց հետ խոսելով և իրար հասկանալով։
ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿ-Մեր ֆիզիկական գոյության երաշխավորն է, մեր հպարտությունը, որն ամենօրյա հոգածություն և խնամք է պահանջում։
Զաքարիա ծ․ վրդ․ Բաղումյան
Հ․ Գ․ պետք չէ վախենալ «ազգային», «Հայոց Եկեղեցի», «քրիստոնեություն» և նման այլ բառերից։
Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյան