«Օրենքով գող» Արսեն Երևանսկու ու նրա փաստաբանի գաղտնալսված զրույցը ենթակա է ոչնչացման. «Փաստինֆո»
Advertisement 1000 x 90

«Օրենքով գող» Արսեն Երևանսկու ու նրա փաստաբանի գաղտնալսված զրույցը ենթակա է ոչնչացման. «Փաստինֆո»

Փաստաբանն իր վստահորդի հետ առնչվում է բացառապես կոնֆիդենցիալ և այս կամ այն պատճառներով այդպիսի զրույցի գաղտնալսումը որպես փաստական տվյալ ենթակա է ոչնչացման՝ «Օպերատիվ-հետախուզական միջոցառումների մասին» օրենքի համաձայն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հովսեփ Սարգսյանը՝ ընդգծելով, որ փաստաբանի և վստահորդի միջև զրույցի գաղտնալսումը հակաօրինական է։

Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն գաղտնալսել է փաստաբան Վաչե Դավթյանի և օրենքով գող Արսեն Մկրտչյանի՝«Արսեն Երևանսկու» հեռախոսազրույցը։

«Քրեական վարույթ իրականացնող մարմինների այդ ձեռագրին պետք է վերջ տրվի, որովհետև նախկինում նման բան չի եղել, երբ քրեական գործով գաղտնալսեն փաստաբանի և վստահորդի միջև զրույցը»,- ասաց փաստաբանը։ Նրա փոխանցմամբ՝ օրենքով գողի և փաստաբանի գաղտնալսված զրույցի ընթացքում եղել է սովորական, կենցաղային շփում՝ խորհրդատվական մակարդակի և որևէ հետաքրքիր տվյալներ չեն եղել։

Սարգսյանը կարևորեց ոչ թե հեռախոսազրույցի բովանդակությունը, այլ՝ երևույթը, որը տեղի է ունենում օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնող մարմինների կողմից։

«Բացառապես անօրինական է դա և, եթե անգամ դա դրվում է գործի նյութերի մեջ, պետք է համապատասխան պաշտոնատար անձինք քրեական պատասխանատվության ենթարկվեն՝ պաշտոնեական դիրքի չարաշահման համար, որովհետև այդ լիազորություններով միայն իրենք են օժտված և ,այդպիսի լիազորությամբ օժտված լինելով հանդերձ, եթե գաղտնալսում են և չեն ոչնչացնում՝ օրենքով սահմանված կարգով, ուրեմն դա վկայում է այն բանի մասին, որ փաստաբաններին արդեն հասկացնում են, որ իրենց ևս կարող են գաղտնալսել և կարող են օգտագործել իր և իր վստահորդի դեմ»,- ասաց փաստաբանը։

Հարցին, թե արդյո՞ք դատարանի թույլտվության դեպքում էլ չեն կարող գաղտնալսել փաստաբանին, Սարգսյանը պատասխանեց, որ չգիտի այնպիսի փաստ, որ դատարանները թույլ տան գաղտնալսել փաստաբանի և վստահորդի զրույցը, այլ հարց է, որ փաստաբանը կարող է լինել մասնավոր անձ, բայց որպես փաստաբան՝ օրենքով արգելված է։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո