Տեսեք թե ինչ եմ դիտարկել այս օրերին։ Իմ աչքի առաջ տուգանել են մարդկանց, ովքեր լրիվ միայնակ քայլելիս են եղել ոչ մարդաշատ վայրերով։ Օրինակ մեքենայով անցնելիս տեսել եմ, թե ոնց են ոստիկանները մեքենայով հատուկ կանգնել և արձանագրություն կազմում մի երիտասարդ զույգի վրա, ովքեր լրիվ միայնակ քայլում էին ձմեռային այգու վերևի հատվածում ու երևի 1-2 կիլոմետր տարածքի վրա միայն իրենք էին ու ամենայն հավանականությամբ դրանից րոպեներ առաջ համբուրվել էին։ Այսինքն ուրիշ մարդու վարակելու կամ ուրիշից վարակվելու տարբերակ պարզապես չկար։
Ծխելիս թույլատրվում է իջեցնել դիմակը և մարդիկ իրենց աշխատավայրերի կամ խանութների դիմաց և այլ տարածքներում խումբ-խումբ կանգնած ծխում են։ Ու վստահ եմ, որ հիմա սկսել են ավելի շատ ծխել` առանց դիմակի պահը վայելելու և ընկերների հետ շփվելու համար։
Կարելի է գնել սուրճ կամ կոլա և դանդաղ վայելելով քայլել քաղաքում (ես այդպես արել եմ)։
Էլ չեմ ասում թաքուն դիմակը իջեցրած և այդպես քայլող մարդկանց մասին, ովքեր քանի դեռ տեսադաշտում ոստիկան չկա` փաստացի չեն կրում այն։
Եվ արդյունքում ինչ է ստացվում։ Տուգանվում են նրանք, ում բախտը պարզապես չի բերում։ Իսկ արդյունավետությունը մոտ է զրոյի։ Որովհետև կարելի է անվերջ ծխել, սրճել և հարմար պահերի քանի ոստիկան չկա` չկրել դիմակ։
Սրան գումարած սրճարաններում դիմակ չկրելն ու այլ նմանատիպ բացառությունները նույնպես օրենքը դարձնում են անիմաստ և ոչ արդյունավետ։
Անձամբ ես կարծում եմ, որ բոլոր փակ տարածքներում դիմակը պետք է պարտադիր կրել, իսկ փողոցում պետք է իջեցված լինի դնչի վրա, որպեսզի ցանկացած շփման պահին միանգամից հնարավոր լինի բարձրացնել։
Հասարակական տրանսպորտում և տաքսու մեջ նույնպես պետք է լինի պարտադիր։ Անձնական մեքենաների մեջ էլ գուցե, չնայած այստեղ էլ կան ոչ տրամաբանական բացեր, որովհետև գրեթե միշտ մեքենայի մեջ գտնվող մարդիկ կամ ընտանիքի անդամներ են, կամ էլ այնպիսի սերտ շփում ունեցող մարդիկ, ովքեր այլ վայրում իրար հետ առանց դիմակի են շփվում։ Համաձայն եմ, որ սա վերահսկել չի լինի, այդ իսկ պատճառով անձնական մեքենայի մեջ էլ թող գործի օրենքը։
Բայց բաց տարածքների դեպքում համոզված ասում եմ, որ այն օգուտ չի տալիս և տուժում են միայն նրանք, ում բախտը ամենաքիչն է բերում և բռնվում են։