Գագիկ Ծառուկյանը չի կալանավորվի․ վերաքննիչ դատարանը գործն ուղարկել է նոր քննության
Advertisement 1000 x 90

Գագիկ Ծառուկյանը չի կալանավորվի․ վերաքննիչ դատարանը գործն ուղարկել է նոր քննության

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հրապարակել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ որոշման դեմ պաշտպանության կողմի և դատախազության բողոքների քննության հիման վրա կայացրած որոշումը։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Քանի որ կողմերը որոշման հրապարակմանը ներկա չեն եղել, ինչպես նաև դեռևս չենք ստացել դատարանի որոշման օրինակը, ուստի որոշման կոնկրետ բովանդակությանը և պատճառաբանություններին ծանոթ չենք և չենք կարող մեկնաբանություններ ներկայացնել դրա վերաբերյալ։ Սակայն բանավոր տեղեկատվություն ունենք, որ վերաքննիչ դատարանը որոշել է բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։ Պարզաբանման համար ցանկանում ենք տեղեկացնել, որ վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում չի կայացրել»,- գրել է Սարգյանը։

Պաշտպանը տեղեկացնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց և ուսումնասիրելուց հետո կքննարկեն նաև այն ՀՀ վճռաբեկ դատարան բողոքարկելու հարցը։