Վախթանգ Սիրադեղյանը ֆեյսբուքում գրել է.
«Լսելով Փաշինյանին կամ քայլառածներին՝ մարդուն թվում է, թե դրանց համար հիմա ոչ թե 2020թ. հուլիսն է, այլ 2018-ի մայիսը: Ու չեն ընկալում, որ 2018-ի և 2020-ի միջև անցյալում են մնացել ՀՀ Սահմանադրությամբ և այլ օրենքներով կայացած ընտրությունները, բազմաթիվ այլ պետական գործունեությունը:
Այլապես ինչպես հասկանալ Արարատ Միրզոյանի հարցազրույցի այն մասերը (միայն այդ երկու կտորն եմ լսել), որտեղ խոսվում է ՍԴ-ի վերաբերյալ օրենքների փոփոխությունների և ՄԻԵԴ-ի գրության մասին: Առաջին հարցով ասվում է, որ մասնագետների կեսը կողմնակից է, որ ինքը՝ պարոն Արարատ Միրզոյանը որպես ՀՀ ԱԺ նախագահ, ստորագրի օրենքների փաթեթը, քանի որ Արմեն Սարգսյանը չի ստորագրել և բարձրաձայնել է դրա մասին, իսկ մյուս կեսը դեմ է դրան: Մտածում ես՝ օրենսդրական գործունեությունը երևի այս ջահելների համար բլոտի պարտիա է, իսկ Սարգսյանի բարձրաձայնելն էլ իշմար, ու ինքը շարժվում է ըստ այդ իշմարի:
Երկրորդն այն պահանջն է, որպեսզի ՍԴ-ն թարգմանի ՄԻԵԴ-ի գրությունը հայերեն, քանի որ ՀՀ պետական լեզուն հայերենն է, ու դա ներկայացնի ԱԺ: Ու չկա լուրջ մեկը, որ ՀՀ ԱԺ նախագահին բացատրի, որ ՍԴ-ն ԱԺ-ի թարգմանչական ստորաբաժանումը չի, որ թարգմանի ՄԻԵԴ-ից իրեն հասցեագրված գրությունը: Եվ երկրորդ, ԱԺ-ն ինչ իրավունք ունի ՍԴ-ից ինչ-որ բան պահանջի, որ հետո էլ պահանջի, որ իր պահանջվածը թարգմանվի ՀՀ պետական լեզվով:
Բազմիցս եմ ասել՝ եթե այս ամենը տեղի ունենար 2018-ի մայիսին, լավ թեկուզ հունիսին, դա կլիներ ընկալելի, սակայն նման բաները 2020-ին արդեն ոչ միայն ընկալելի չեն, այլ ՀՀ Սահմանադրության խախտումներ են»: