Միջազգային հանրությունը հետեւողականորեն արձագանքում է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների եւ կրակոցների առնչությամբ։
ԵԱՀԿ Մինսկի խումբը դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտումները եւ կողմերին կոչ անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հետագա լարվածությունը կանխելու համար։
Առարկայական բանակցությունների վերսկսման կոչ են անում եւ կարեւորում են ԵԱՀԿ դիտորդների վերադարձը տարածաշրջան Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան ներկայացնող համանախագահները։ Վերջիններս կապի մեջ են կողմերի հետ, հորդորում են կիրառել հաղորդակցության ուղիղ միջոցները։ Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը «Ֆեյսբուքյան» իր էջում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ է անում կանխել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին հակամարտության հետագա սրացումը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ Հովհաննես Իգիթյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում շեշտում է՝ միջազգային հանրությունը հնարավորինս շուտ հորդորում է Տավուշում՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը տանել զինադադարի։ Հարցին, թե ինչո՞ւ ԵԽԽՎ-ն չի արձագանքում ադրբեջանական ագրեսորների գործողություններին, նա ասաց, որ ԵԽԽՎ-ն այն մարմինը չէ, որը քաղաքական հրատապ հարցեր է լուծում։ Բայց համոզված է, որ Ադրբեջանի այսպիսի վարվելակերպը՝ իր ագրեսիայի դրսեւորման համար խաղաղ բնակչությանը թիրախավորելը, անպատասխան չի մնա. «Մենք մեր գործընկերներին հայտնել ենք, որ ներկա իրավիճակում Ադրբեջանը տապալում է համավարակի դեմ պայքարը։ Խոսքը վերաբերում է «Տավուշ տեքստիլի» ուղղությամբ արձակված կրակոցներին, այն զբաղվում է համավարակի պայքարի համար անհրաժեշտ իրերի արտադրությամբ, որտեղ աշխատում են հարյուրավոր կանայք»։
Ինչպես գիտենք, որ Ադրբեջանը հուլիսի 14-ին ժամը 11։00-ին 120 մմ ականանետերից կրակել է Բերդի տարածաշրջանի Չորաթան համայնքում գտնվող «Տավուշ տեքստիլի» ուղղությամբ։ Գործարանը կորոնավիրուսի շրջանում արտադրում է նաեւ պաշտպանիչ դիմակներ. «Այսպիսի դեպքերը, հույս ունենք, տեղ կգտնեն Ադրբեջանի վարքագիծը գնահատող զեկույցներում։ Միջազգային հանրության արձագանքներից, ընդհանուր մտահոգություններից զատ կան նաեւ այլ հայտարարություններ, օրինակ՝ Թուրքիայինը, երբ վերջինս հայտարարում է, որ արդարացնում է Ադրբեջանի վարվելակերպը եւ պատրաստ է աջակցել։ Սա միանշանակ տանում է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի շարունակմանը։ Շատ կարեւոր է Մինսկի խմբի հայտարարությունը, որը եւս ուղղված է ռազմական գործողությունների հնարավորինս շուտ, հրատապ դադարեցմանը»։
Չնայած միջազգային հանրության՝ հրադադարի կոչերին, Ադրբեջանը շարունակում է լարված պահել հայ-ադրբեջանական սահմանը։ Հովհ. Իգիթյանը նկատում է՝ միջազգային հանրությունը նման իրավիճակները միշտ ուշացումով է դատապարտում կամ փորձում արձագանքել. «Ուստի Ադրբեջանի գործողություններին, ագրեսիային դիմակայելու միակ եւ արդյունավետ տարբերակը մեր բանակն է, մեր ժողովրդի պատրաստակամությունը։ Հայկական բանակը անում է իր գործը։ Հույս ունեմ, որ Ադրբեջանի գործողությունների առնչությամբ հետագայում կունենանք համապատասխան գնահատականներ։ Ադրբեջանը տապալում է ոչ միայն Մինսկի խմբի բանակցային գործընթացը, այլեւ տարածաշրջանի խաղաղության ընդհանուր իրավիճակն ու պայմանավորվածությունները»։
Չնայած Թուրքիան հայտարարում է ռազմական գործողություններում Ադրբեջանին ցուցաբերվող հնարավոր աջակցության մասին, բայց, ինչպես կարծում է պատգամավորը, նա ուղղակի ձեւով այդ քայլին դիմել չի համարձակվի։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի՝ տարբեր երկրներից ձեռք բերած զենքին, ապա, ըստ Իգիթյանի, իրավիճակը ցույց է տալիս, որ զենք ունենալը դեռեւս բավարար պայման չէ՝ ծնկի բերելու որեւէ երկրի, ժողովրդի. «Մենք այս օրերին ցույց ենք տվել, որ մեր ունեցած զինատեսակով հայկական զորքերը խոցում են տասնյակ միլիոնավոր դոլարների արժողությամբ զինտեխնիկա։ Մեր զինվորները կարողանում են հաջողությամբ լռեցնել այն կետերը, որտեղից Ադրբեջանը անհարմարություն եւ անհանգստություն է պատճառում հայկական բնակավայրերի բնակչությանը»։
Պատգամավորն Ադրբեջանի գործողությունների մեջ աբսուրդային տրամաբանություն է տեսնում։ Իրավիճակի պատկերը դիտարկում է Իլհամ Ալիեւի՝ վերջին շրջանում արված հայտարարությունների համատեքստում։ «Ալիեւը հայտարարում էր, թե Հայաստանը գոյություն չի ունեցել, եւ հայերը ապրում են Ադրբեջանի պատմական հողերի վրա։ Երկրորդ հայտարարությունը՝ Ադրբեջանը հզոր երկիր է, ունի համապատասխան գումար եւ զենք՝ Հայաստանը ոչնչացնելու համար։ Ալիեւը դժգոհ էր նաեւ Մինսկի խմբի գործունեությունից, եւ, ինչպես իրենք էին ասում, Ադրբեջանը պատրաստ է պատժել օկուպանտին։ Անհեթեթությունը հասել է այն մակարդակի, որ նրանք հայտարարում են, թե Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը։ Այս հայտարարությունն աբսուրդ է։ Միջազգային լուրջ կազմակերպությունների մոտ գոյություն չունի որեւէ փաստաթուղթ, որտեղ նշված լինի, թե Ադրբեջանի որեւէ տարածք օկուպացվել է Հայաստանի կողմից։ Լեռնային Ղարաբաղը ապացուցել է, որ ինքնուրույն հանրապետություն է, ունի իր տարածքը, գործում է իր Սահմանադրությամբ եւ օրենքների շրջանակներում,–շեշտեց պատգամավորը՝ ընդգծելով՝ Ալիեւի հիշյալ հայտարարությունները բերեցին հայ-ադրբեջանական սահմանի ագրեսային։–Պատահական չէ, որ դա արվում է Հայաստանի դեմ, ոչ թե Արցախի։ Սրանով Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը ցույց տալ, որ Հայաստանն է ագրեսորն ու գործողությունների հեղինակը»։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ