Թուրքագետ Հայկ Գաբրիելյանի ֆեյսբուքյան էջից.
«Իրավիճակն ավելի է լրջանում Թուրքիայի մասով:
Ադրբեջանը Թուրքիային հիշեցնում է ստանձնած պարտավորությունների մասին:
Ադրբեջանական ռազմական պատվիրակությունը՝ պաշտպնության փոխնախարար, ՌՕՈՒ հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովի գլխավորությամբ երեկ Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։
Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը, ՑԶ հրամանատար Ումիթ Դյունդարը, ՌՕՈՒ հրամանատար Հասան Քյուչուքաքյուզը, ՌԾՈՒ հրամանատար Ադնան Օզբալը։
Հուլուսի Աքարը հայտարարել է, որ «Ադրբեջանի ցավը դա Թուրքիայի ցավն է» և սպառնացել է «Հայաստանին ստիպել՝ վճարելու սպանված ադրբեջանցի սպաների համար»։
Ըստ երևույթին Ադրբեջանը Թուրքիային հիշեցնում է դեռևս 2010թ․ օգոստոսի 16-ին միմյանց միջև կնքված ռազմական փոխօգնության մասին համաձայնագրի մասին, որն Ադրբեջանի խորհրդարանը վավերացրել էր նույն թվականի դեկտեմբերի 21-ին։ 5 բաժնից ու 23 հոդվածից բաղկացած այդ պայմանագրի 3-րդ հոդվածը նախատեսում է երկու երկրների միջև սերտ համագործակցություն պաշտպանական ու ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։
Առավել կարևոր է սակայն 2-րդ հոդվածը, որում նշված է հետևյալը․ «Եթե կողմերից մեկը երրորդ երկրի կամ մի խումբ երկրների կողմից ենթարկվի զինված հարձակման ու ագրեսիայի, ապա կողմերը միմյանց օգնելու են բոլոր հնարավորությունների օգտագործմամբ»։
Հիշենք թուրքական կողմի սուր հայտարարությունները, որոնցում Հայաստանը մեղադրվում է «Ադրբեջանի հանդեպ ագրեսիա իրականացնելու» համար։ Ստացվում է, որ Թուրքիան չի կատարում իր պայմանագրային պարտավորությունները, և ըստ ամենայնի՝ Ադրբեջանը Թուրքիային սկսել է հիշեցնել իր պարտավորությունները»։