Սա՝ առայժմ որպես ենթադրություն, զգուշության և ուշադրության կոչ, ոչ որպես հաստատ պնդում:
Ռուսական, նաև որքան հասցրել եմ նկատել, հայկական տիրույթում գեներացվում է Թուրքիայի միջամտության թեման Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում:
Դե, գիտեք նաև իրական փաստեր կան՝ Թուրքիայից պաշտոնական հայտարարություններ (իրականում կարծես թե ավելի հռետորական, քան իրական բնույթի), նույնիսկ ադրբեջանական պատվիրակության այց Թուրքիա ու բանակցություններ ՊՆ-ի հետ, ու էլի դրա հետ կապված խոսքեր, հայտարարություններ:
Սրան էլ ի պատասխան՝ ռուսական պաշտոնական արձագանք՝ առանց Թուրքիայի անունը տալու, իսկ ռուսական փորձագիտական մակարդակում՝ անունը տալով:
Մեր կողմերում էլ «քարոզիստներից» ոմանք, որոնց թվում է, որ ոչ ոք չի ջոգել, թե ում կողմից են իրենք խաղում, և որ իրենց խաղը ներքաղաքական չէ, սկսել են թեման բարձրացնել: Հում նյութն ունեմ, նորմալ վերլուծել դեռ չեմ հասցնում:
Վերջը: Էս բոլորի համատեղ ջանքերով թեմա է «թխվում»՝ «հայ ժողովորդի փրկության»: Հայկական ազգանունով մի ռուս փորձագետ էլ նկարագրում էր ապոկալիպտիկ սցենար՝ Թուրքիան պատերազմ է հայտարարում Հայաստանին, Երևանը կորցնում ենք, Հայաստանը վերանում է… Մեկը էդպես շանտաժ է անում, մյուսը՝ հակառակը՝ «դոբրիով է» խոսում, համատեղ ջանքերով թեմա են գեներացնում:
Ինչո՞ւ եմ կասկածամիտ և ենթադրում, որ թեման արհեստական է գեներացվում: Շեշտեմ՝ առայժմ ենթադրում միայն: Թեման նուրբ է, ու շտապելու իրավունք չկա:
Ես խիստ կասկածում եմ, որ Թուրքիան որևէ իրական մտադրություն ունի միջամտելու: Այսրկովկասը մնում է ռուսական ազդեցության գոտի (ինչն, ի դեպ, ինքնին վատ չէ), և Թուրքիան այն ուժը չէ, որ մտնի ուղիղ հակամարտության մեջ ռուսների հետ այստեղ: Ո՛չ ռուսներն են այդքան թուլացած, ո՛չ թուրքերն այդքան ուժեղացած: Էլ չասած, որ դեռ պարսիկները կան և այլն:
Թուրքիան կարող է միայն միջամտության իմիտացիա անել՝ համաձայնեցված «ազդեցության տիրոջ» հետ: Միջամտության միակ իրական տարբերակն այսօր սա է: Ես կասկածում եմ, որ հենց դա էլ այսօր կարող է արվել՝ «վիրտուալ միջամտություն», քարոզչական էսակալացիա, որպեսզի հետագայում իրավիճակի զարգացման տարբեր սցենարներում հիմնավորվի «Փրկություն» օպերացիան:
Իսկ ինչո՞ւ է կարող է «տիրոջը» հանկարծ պետք լինի «փրկել» մեզ: Մի պատճառ կարող է լինել՝ եթե նպատակ դրվի ազդեցության չափն ավելացնել: Այդպիսի նպատակ, կարծես, կա դրված վերջին մի քանի տարում, վկա Ապրիլյան պատերազմը, Հայաստանում և Ադբեջանում որոշ ներքին զարգացումները: Բայց նույնիսկ եթե ադ ամենը չկա էլ, ապա հենց Թուրքիայի թեմայի ակտիվացումն ինքը վկայում է նման նպատակի մասին:
Ու նորից գալիս ենք մեր սիրելի թեմային՝ «խաղաղապահ» ուժերի տեղադրմանը: Հայ ժողովորդին փրկելու համար, Թուրքիայի «միջամտությունը» «կանխելու» համար ի՞նչ է պետք: Դե, իհարկե, որ մի խաղաղապահ զորք տեղադրվի հայ-ադրբեջանական կոնֆլիկտի գոտում:
Պարտադիր չի այս գրառումս լիովին ընդունելի լինի ու հիմնավորված: Բայց մտքում այս տարբերակը պահել պարտավոր ենք: Եվ ուշադիր հետևենք թեմայի զարգացմանը: Նաև հայկական տիրույթում՝ արձանագրելով թեման առաջ տանողներին:
Հ.Գ. Նաև դրա համար եմ ասում՝ ՀԱՊԿ-ին մի կանչեք, նույնիսկ հեգնական: Բա որ հանկարծ եկա՞ն, տուն ղրկելո՞ւ եք:
Հրանտ Տէր-Աբրահամեանի ֆեյսբուքյան էջից