Պետք է արձանագրենք, որ փաստաբանի և վստահորդի հաղորդակցման գաղտնիության խախտումները վերջին ժամանակաշրջանում հասնում են անհանգստացնող ծավալների։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ, փաստաբան Դիանա Շախրամանյանը։
Նրա փոխանցմամբ՝ վերջին 7-8 ամիսներին գրանցվել է վստահորդների հետ հաղորդակցության գաղտնալսման վեց դեպք, որոնցից առաջինի մասին հայտնի է դարձել 2019թ դեկտեմբերին։
«ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող թիվ 22100419 քրեական գործով իրականացված հեռախոսային խոսակցությունների վերահսկման ընթացքում գաղտնալսվել են նաև մեղադրյալի, դատավարության այլ մասնակցի և նրանց փաստաբան Էդգար Թումասյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունները։ Այնուհետև քննիչի կողմից զննվել են դրանք եւ արտացոլվել համապատասխան արձանագրության մեջ, կցվել քրեական գործին»,- հայտնեց փաստաբանը՝ հավելելով, որ հանձնաժողովը 2020թ-ի հունվարին դեպքի վերաբերյալ դատապարտող հայտարարություն է տարածել։ «Որքանով ինձ է հայտնի, դրանից հետո նշված ապացույցը ճանաչվել է անթույլատրելի»,- ասաց Շախրամանյանը։
Նրա փոխանցմամբ՝ մյուս դեպքը եղել ՀՀ ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Վարդան Կարապետյանի կողմից, երբ գաղտնալսվել են փաստաբաններ Աշխեն Դաշյանի և Կարեն Ղազարյանի, ինչպես նաև նրանց վստահորդ Արթուր Աղաջանյանի հեռախոսային խոսակցությունները։ Շախրամանյանը հայտնեց, որ 04.11.2019թ և 06.11.2019թ քննիչի կողմից կատարվել է զննում և հեռախոսային խոսակցությունների վերծանում, ընդ որում՝ այդ խոսակցությունները կցվել են գործի նյութերին։ Շախրամանյանն անդրադարձ կատարեց նաև փաստաբան Հայկ Ալումյանին առնչվող դեպքին, երբ 2020թ հունվարի 4-ից փաստաբան Հայկ Ալումյանի՝ փաստաբանական գործունեության շրջանակում օգտագործվող էլեկտրոնային փոստն իրենից անկախ պատճառներով դարձել է անհասանելի։
«Փաստաբան Հ.Ալումյանի կարծիքով՝ իր էլեկտրոնային փոստի «կոտրումն» ուղիղ կապ ունի իր վարույթում գտնվող հայտնի քրեական գործի հետ, քանի որ այլ անձանց համար իր էլեկտրոնային փոստը հետաքրքրություն չի կարող ներկայացնել»,- նշեց փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամը։
Նա հիշեցրեց, որ նմանատիպ դեպք է տեղի ունեցել նաև փաստաբան Արամազդ Կիվիրյանի հետ, մասնավորապես՝ 2020թ հունվարի 23-ից փաստաբանի էլեկտրոնային փոստը դարձել է անհասանելի։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։