Երեկ Վարդավառ էր, տոնը նաեւ ցույց տվեց, որ Սեւանը լուրջ պրոբլեմ ունի՝ կոյուղաջրերի, ձկնաբուծարաններից թափվող աղբի եւ բազմաթիվ բնապահպանական հարցերի, որոնցից ես չեմ հասկանում, որովհետեւ բնապահպան չեմ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զ. Սարգսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Սեւանի մասին «մտածող» ու Ամուլսարի ճամփին վագոնում ՌԴ-ից տրվող օրավարձով քնող «հայրենասեր բնապահպաններ» ջան, բա ու՞ր եք, ինչո՞ւ քուրձ չեք հագնում ու գլխներիդ մոխիր չեք լցնում, լավ, ռեալիստական երեւալու համար գոնե մայկաներդ ճղեք։
Չեք անի, որովհետեւ Սեւանի համար վճարող չկա, իսկ դուք, հայրենի բնությանը մինչեւ վերջ նվիրված մարտիկի դիմակի տակ՝ փող եք աշխատում ու ձեր տունը պահում՝ արհամարհելով ՀՀ պետականությունը, պետությունը, օրենքը, վնասելով տնտեսությանը, կտրելով մյուսների, այդ թվում՝ զինվորի հացը ու փամփուշտի փողը: Զինվորի, որ ձեր տունն ու անվտանգությունն է պահպանում:
Պինդ կանգնեք տեղներդ, տղերք, պետություն, զինվոր ի՞նչ կարեւոր է, կարեւորը ճիշտ ժամանակին աշխատավարձ տան, չուշացնեն»: