Փաստորեն Հայաստանում տեղի է ունեցել սերնդափոխություն, որի արդյունքում պարոն Քոչարյանը և իր մի շարք գործընկերներ նորից վերադարձել են իշխանության
Advertisement 1000 x 90

Փաստորեն Հայաստանում տեղի է ունեցել սերնդափոխություն, որի արդյունքում պարոն Քոչարյանը և իր մի շարք գործընկերներ նորից վերադարձել են իշխանության

Երեկ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրատվամիջոցներից մեկում անդրադարձել է Pressing հաղորդաշարին տրված իմ հարցազրույցի որոշ մտքերին:

Անդրանի՛կը Քոչարյան (սովորաբար հրապարակային քաղաքական երկխոսության մեջ դիմելաձևն այսպիսին չի լինում, բայց փոխադարձության սկզբունքը չի կարելի բացառել) ինչպես և անկալվում էր, պարզ մանիպուլյատիվ հայտարարություններով փորձել է լղոզել այն խնդիրները, որոնց ես անդրադարձել եմ:

Հետևելով պարոն Քոչարյանի մտքի թռիչքներին, ցականում եմ ասել հետևյալը.

1. Որքան էլ, որ ուշադիր հետևենք ՀՀ անկախության հերոսական պատմության ողջ ընթացքին, ամենամեծ ցանկության դեպքում նույնիսկ, այնտեղ չենք գտնի այն մարդկանց ավանդը, ովքեր այսօր զբաղեցրել են ՀՀ քաղաքական իշխանությունը: Այնտեղ շատ խոսուն անուններ կան՝ Վազգեն Սարգսյան, Լեոնիդ Ազգալդյան, Լևոն Տեր Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Վազգեն Մանուկյան, Անդրանիկ Մարգարյան, և շատ նվիրյալ գեներալներ, դաշտային զորահրամանատարներ, Արցախի և Հայաստանի հերոսներ, պետական գործիչներ, բայց ոչ երբեք նրանք, ովքեր այսօր մեծ-մեծ խոսում են անցյալից ու ներկայից: Այնպես, որ Հայաստանի անկախության և բանակի ձևավորման, կայացման ու զարգացման հարցերը ձեզ չվերագրեք:

2. 2017-18թթ. ՊՆ-ում իմ պաշտոնավարման կարճ ընթացքում, ես առիթ ունեցել եմ ծանոթանալու 2016թ. ապրիլյան հաղթական գործողություններից հետո արդեն իսկ արված վերլուծություններին ու հետևություններին: Հենց այդ աշխատանքների հիման վրա է ՊՆ, ԶՈՒԳՇ-ն և ՊԲ-ն կարճ ժամանակահատվածում իրականացվել արդիականացման հսկայածավալ աշխատանքները, որոնք այսօր էլ շարունակվում են, այդ թվում նաև բանակի կառավարման համակարգի զարգացման մասով:

3. Երբ ֆեյսբուքյան “հերոսարտիկներն” են համեմատում 2016թ. ապրիլյան մասշտաբային գործողությունները 2020թ. Տավուշի լոկալ բախումների հետ, ես կարող եմ հասկանալ: Բայց երբ ՊՆ նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանն է դա անում, առնվազն տարօրինակ է: Դրանք համեմատել չի կարելի, այնպես ինչպես չի կարելի համեմատել Ադրբեջանի հրահրած 2012թ., 2014թ և 2015թ. հայ-ադրբեջանական սահմանային բախումները:

4. Պարոն Քոչարյանին ասեմ նաև, որ լավ քաղաքական իշխանությունները որպես կանոն ստեղծում, կայացնում և զարգացնում են մարտունակ և զարգացող բանակներ, իսկ հակառակում՝ լինում են բացառություններ: Այսօր Հայաստանն այդ բացառություններից մեկն է, երբ քաղաքական անօգուտ կառավարման պարագայում իր հսկայական մասնագիտական հմտությունների, ամուր հիմքերի, լավ սպառազինման, մարտական հարուստ փորձի և խելացի կառավարման շնորհիվ բանակը լիարժեք լուծում է իր առջև դրված խնդիրները՝ անկախ նրանից, թե ովքեր են քաղաքական իշխանության կրողները: Եվ եթե գործող իշխանությունն ապագայի համար գոնե ունենա քաղաքական հեռատեսություն, վերլուծելու, գնահատելու և տարածաշրջանային խնդիրները լիարժեք ընկալելու կարողություն, ապա մեր բանակի գործը շատ ավելի հեշտ կլիներ: Դրա համար եմ ասում, բանակն իր գործն անում է, մնացել է, որ մի բան էլ դուք անեք ինքնուրույն, ոչ թե նախկինը քննադատելով՝ ամբողջությամբ կրկնեք նախկին կառավարության արտաքին ու ներքին քաղաքականությունը՝ վատ կատարմամբ:

5. Նույն Անդրանիկ Քոչարյանին հիշեցնեմ նաև, ինչպես ինքն է ասում, մանր մունր “մունդռիկություններ” անելով լավ իշխանությունները միևնույն է չեն կարողանալու հասարակության ուշադրությունը շեղել կորոնավիրուսի առողջապահական, սոցիալական ու տնտեսական հետևանքներից, և խուսափել պետական կառավարման ահագնացող պատասխանատվություններից:

6. Եվ եթե բանակը շարունակաբար զարգանում է, իսկ դա այդպես է, ե՛ս, իմ բոլո՛ր ընկերները, ո՛ղջ քաղաքական դաշտը վստահ եմ, որ միմիայն ողջունում են և ուրախ են դրա համար: Բանակը մեր բոլորիս սրբությունն է, և քաղաքական թեմաներով այն մի շահարկեք: Բանակի հաղթանակների թիկունքում մի թաքցրեց ձեր քաղաքական և պետական կառավարման բոլոր պրոբլեմները: Ինչպես դուք եք ասում, որպեսզի բանակը միշտ ամուր և մարտունակ լինի, անհրաժեշտ է, որ ամբողջ պետական համակարգը գործի արդյունավետ: Նորից եմ պնդում, այսօր բացի երեք (գուցե չորս) համակարգերից և բիզնես դաշտից, պետական քաղաքականության իրականացման տեսանկյունից մյուսների աշխատանքը զրո է, որովհետև ուղակի չկա: Փոխարենը կա աշխատանքի իմիտացիա, ատելության ամենօրյա քարոզչություն, հասարակության բաժանում անցյալի ու ներկայի:

7. Շատ հարցեր կան, սակայն սահմանափակվեմ այսքանով, որովհետև մնացյալը հեռավար երկխոսության թեմա չէ: Հոգնել ենք անցյալից խոսելուց: Թող պարոն Քոչարյանը լինի անկեղծ, ուշադիր լինի տեղի ունեցող զարգացումներին, չփորձի աղավաղել իրականությունը, այդ թվում անցյալի ու ներկայի թերությունները, և իր գործընկերների հետ մտածի մի շատ կարևոր բանի մասին. Ի՞նչ են թողնելու իրենցից հետո, և հետադարձ հայացքով, ունենալո՞ւ են արդյոք հասարակության և ապագա իշխանությունների կողմից բարձրացվող հարցերի պատասխանները:

Առողջ եղեք:

Հ.Գ. Մոռացա, ինչպես Անդրանիկ Քոչարյանն է ասում, փաստորեն Հայաստանում տեղի է ունեցել սերնդափոխություն, որի արդյունքում պարոն Քոչարյանը և իր մի շարք գործընկերներ նորից վերադարձել են իշխանության: Սա չգիտեի:

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր