Սևրի դաշնագիրը և քրդերը
Advertisement 1000 x 90

Սևրի դաշնագիրը և քրդերը

Սևրի պայմանագիրը միջազգային-իրավական առաջին փաստաթուղթն էր, որն անդրադառնում էր քրդերին` ճանաչելով նրանց իրավունքները Առաջին աշխարհամարտում պարտված Օսմանյան կայսրության տարածքում: Դաշնագրի 433 հոդվածներից երեքն (62-րդ, 63-րդ և 64-րդ) առնչվում էին քրդերին։

62-րդ հոդվածում ասվում էր. «Կոստանդնուպոլսում գտնվող և Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Իտալիայի կողմից նշանակված երեք հոգուց բաղկացած հանձնաժողովը վեց ամսվա ընթացքում կպատրաստի մի կանոնակարգ՝ գերակշիռ քուրդ բնակչություն ունեցող այն շրջանների ինքնավարության վերաբերյալ, որոնք ընկած են Եփրատից արևելք և Հայաստանի հարավային սահմանից հարավ: Հանձնաժողովի ներսում անհամաձայնություն ծագելու դեպքում հարցը լուծում են իրենք՝ համապատասխան երկրների կառավարությունները: Միաժամանակ պետք է մշակվեն կատարյալ երաշխիքներ՝ վերոհիշյալ շրջանների ասորա-քաղդեական և այլ էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների պաշտպանության համար: Այդ նպատակով հատուկ հանձնաժողովը, որի մեջ բացի բրիտանական, ֆրանսիական և իտալական ներկայացուցիչներից պետք է մտնեն նաև պարսիկ ու քուրդ ներկայացուցիչներ, կուսումնասիրի և անհրաժեշտության դեպքում կճշտի նաև թուրք-պարսկական սահմանը»:

63-րդ հոդվածով Թուրքիան պարտավորվում էր երեքամսյա ժամկետում ընդունել և իրագործել զույգ հանձնաժողովների որոշումները:

64-րդ հոդվածն ազդարարում էր, որ եթե մեկ տարի անց 62-րդ հոդվածում նշված շրջանների քուրդ բնակչությունը դիմի Ազգերի Լիգայի Խորհրդին` նշելով, որ բնակչության մեծամասնությունը ցանկանում է Թուրքիայից անկախ լինել, իսկ Ազգերի Լիգայի Խորհուրդը վերջիններիս կհամարի անկախություն ունենալու ընդունակ, ապա Թուրքիան պարտավոր է հրաժարվել այդ շրջանների նկատմամբ իր իրավունքներից: Եթե քրդական պետության կազմի մեջ ցանկություն ունենան մտնելու նաև Մոսուլի վիլայեթի քրդերը, ապա գլխավոր դաշնակիցները չեն առարկի:

Այսպիսով, Սևրի պայմանագիրը նախատեսում էր նախկին օսմանյան կայսրության տարածքում ստեղծել ինքնավար Քրդստան՝ նրան տրամադրելով իրավունք մեկ տարուց հետո անջատվել Թուրքիայից և վերածվել անկախ պետության: Հստակեցված չէր, սակայն, թե ինչպես և ինչ միջոցներով պետք է իրականացվեր անցումը ինքնավարությունից դեպի անկախություն:

Հարկ է նշել, որ դեռևս 1915 թ. հունիսին Քրդստան ստեղծելու կոչով Ֆրանսիայի արտգործնախարարությանը դիմել էր Պողոս Նուբար փաշան: Նա առաջարկել էր ստեղծել ինքնավար Քրդստան՝ Եռյակ համաձայնության երկրներից մեկի կամ նրանց հավաքական հովանավորության ներքո:

Բրիտանացի պատմաբան Առնոլդ Թոյնբին նկատում է, որ այդ օրերին քուրդ բնակչությունը ոգևորված էր ոչ այնքան քրդական պետության ստեղծման հնարավորությունից, որքան թուրքերի հետ միասին տագնապած էր Արևմտյան Հայաստանը Հայաստանի Հանրապետությանը միավորված տեսնելու հեռանկարից:

Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր