Սևանա լիճն այս տարի ևս ծաղկում է, սակայն մասնագետը նկատում է, որ եղանակային պայմաններով պայմանավորված ծաղկման գործընթացը դեռ ավելի մեղմ է ընթանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց «Կենսաբանության և հիդրոլոգիայի գիտական կենտրոն»-ի «Հիդրոլոգիայի և ձկնաբուծության» ինտիտուտի տնօրեն Էլվինա Ղուկասյանը:
«Ծաղկման փաստը խոսում է ջրի որակի վատացման մասին, ինչը վերջին տարիներին գնալով խորանում է: Հավանաբար, կլիմայական գործոնը ևս մեծ նշանակություն ունի: Այս տարվա մի փոքր ավելի սառը եղանակը նպաստեց, որ ընթացող ծաղկման երևույթներն ավելի քիչ դսրևորվեն և ավելի մեղմ լինեն, թեև ըստ ծագման,նախորդ տարվա նման ինտենսիվ ծաղկում է համարվում»,-ասաց նա:
Գոյություն ունի ծաղկման 4 աստիճան՝ թույլ, միջին, ինտենսիվ և հիպերծագում: Նրա խոսքով՝ բարեբախտաբար Սևանա լիճը չի հասել վերջին փուլին: «Այս տարի բավականին թույլ է ընթանում ծաղկման գործընթացը, սակայն դա չի նշանակում, որ գործոնները, որոնք ծնում են այդ ծաղկման երևույթները, հաղթահարված են: Եվ բավական է իրավիճակից ևս մի քանի թեթև շեղումներ, ծաղկման փաստն ավելի կխորանա: Եթե այս պահին լիճը մեզոտրոֆ է, ապա գնում է դեպի էֆտրոպացում»,- ասաց Ղուկասյանը:
Լճում կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճի և ջրի որակի անկման հիմնական պատճառներն են լճի մակարդակի իջեցումը, կենցաղային կեղտաջրերի և ջրածածկ անտառներից օրգանական նյութերի ներհոսքը, ձկան կենսազանգվածի կրճատումը, ջերմաստիճանի բարձրացումը: