Արձանագրենք, որ օգտագործվող սպառազինությունների հզորությամբ թուրք-ադրբեջանական այս զորավարժություններն ուղղակի աննախադեպ են
Advertisement 1000 x 90

Արձանագրենք, որ օգտագործվող սպառազինությունների հզորությամբ թուրք-ադրբեջանական այս զորավարժություններն ուղղակի աննախադեպ են

Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները Նախիջևանում և Արցախին սահմանակից շրջաններում մեկնարկեցին։ Արձանագրենք, որ օգտագործվող սպառազինությունների հզորությամբ թուրք-ադրբեջանական այս զորավարժություններն ուղղակի աննախադեպ են։

Ակնհայտ է մեկ բան՝ առաջին անգամ (խոսքը, բնականաբար, չի վերաբերում նախորդ հարյուրամյակին) մենք Թուրքիայի հետ անմիջական հակամարտության իրական վտանգի առաջ ենք կանգնած, և սա չգիտակցելը առնվազն քաղաքական ինֆանտիլիզմ կլինի։

և երկրորդ ակնհայտ դիտարկումը. եթե Թուրքիան նախկինում իր ռազմական ներգրավածությունն ուներ Հյուսիսային Կիպրոսում, ապա այժմ Թուրքիայի ռազմական նկրտումներն ակնհայտորեն շատ ավելի լայն աշխարհագրություն են սպասարկում, և այդ երկիրն իր զինուժն է տեղակայել Սիրիայի հյուսիսում, Լիբիայի արևմուտքում, ռազմաբազա է ստեղծել Քաթարում, ակնհայտ հավակնություններ ունի Հունաստանի ծովային շելֆի և Բուլղարիայի հարավային շրջանների հանդեպ։ Սա, բնականաբար, Թուրքիայի պանթուրքիստական ռազմավարության ճանապարհային քարտեզի մասն է։

Ու էս ֆոնին Էրդողանի մամուլի խոսնակը նախօրեին՝ Պուտին-Էրդողան հեռախոսազրույցից հետո, երբ Պուտինն ընդգծում է լարվածության աճին նպաստող որևէ գործողության անթույլատրելիության մասին, հայտարարում է․ «Թուրքիան լի է վճռականությամբ՝ մինչև վերջ հետամուտ լինելու Ադրբեջանի շահերին՝ անկախ սպառնալիքի աղբյուրից՝ լինի դա Հայաստանը, Ռուսաստանը, թե որևէ այլ երկիր»։

Այստեղ, կարծում եմ, հասկանալի է, որ «ключевое слово»-ն Ռուսաստանն է։

Թուրք-ադրբեջանական նման մասշտաբի և այդ երկրների քաղաքական էլիտաների ծայրահեղ հռետորաբանությամբ զորավարժություններից հստակ է, որ մենք այլևս դեմ-հանդիման ենք նոր մասշտաբի մարտահրավերներին, և իրավիճակը ամեն պահ կարող է դառնալ անկառավարելի։

Ես հասկանում եմ, որ «Սպիտակ Շորժա» փարթին այսօր ամենաակտուալ թեման է, բայց ուզում եմ հուսալ, որ մեր արտաքին և պաշտպանական գերատեսչությունները հաշվարկել են ու պատրաստ են թուրք-ադրբեջանական այս զորավարժությունների ռեալ ռիսկերին ու մարտահրավերներին։

Այլապես․․․ Չէ, եկեք «այլապես»-ը չասեմ։

Ընդամենը ֆիքսենք, որ այսօր թուրք-ադրբեջանական զորավարժությունները մեկնարկեցին։

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր