ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է քաղաքացիներից խարդախությամբ խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է խարդախություն կատարած, ինչպես նաև՝ հանցագործությանն օժանդակած անձանց շրջանակը, մեխանիզմը:
Պարզվել է, որ Իջևան քաղաքի 39-ամյա բնակչուհին, ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ, նույն քաղաքի երկու այլ բնակչուհիների և Էջմիածին քաղաքի բնակչի օժանդակությամբ, չարաշահելով 13 քաղաքացիների վստահությունը, խաբեությամբ վերջիններից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար:
Մասնավորապես՝ իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով կինը ներկայացել է որպես «Ապավեն Համայնքներին» բարեգործական հիմնադրամի Տավուշի, Գեղարքունիքի և Լոռու մարզերի պատասխանատու, առաջարկել մտացածին ծարգիր՝ նշելով, որ ծրագիրն իրագործվում է մասամբ պետական սուբսիդավորմամբ, մասամբ իրենց բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ, մասամբ էլ՝ ծրագրի շահառուների ներդրումներով:
Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քաղաքացիների ներկայությամբ, իր հանցակիցների՝ իբր տարբեր պաշտոնյաների հետ վարելով նախապես պայմանավորված և բեմականացված հեռախոսազրույցներ, մոլորեցրել է նրանց:
Քննությամբ պարզվել է, որ հիմնադրամի ծրագրով տնտեսություններ ստեղծելու, բարձր վարձատրվող տարբեր աշխատանքներով, թանկարժեք ավտոմեքենաներով և բնակարաններով ապահովելու, ինչպես նաև՝ շինություն վարձակալելու պատրվակներով քաղաքացիներից խաբեությամբ հափշտակվել է տարբեր չափերի, ընդհանուր՝ 170 613 527 ՀՀ դրամ գումար։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Իջևան քաղաքի 39-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի 2-րդ կետով (հինգ դրվագով) և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ութ դրվագով) և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Մյուս երեք անձանց՝ Իջևան քաղաքի երկու բնակչուհիներին և Էջմիածնի բնակչին, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: